Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետին ձերբակալելու որոշում կա, նա դեռ քաղաքապետարանում է

Լրացված

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, արխիվ
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, արխիվ

Գյումրիի քաղաքապետին և ևս 7 անձի ձերբակալելու մասին որոշում է կայացվել կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով, հայտնում է Հակակոռուպցիոն կողմիտեն: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեռևս քաղաքապետարանի շենքում է:

Հակակոռուպցիոնը մասնավորապես նշում է, որ մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրի համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։

Ըստ հաղորդագրության, պարզվել է, որ Գյումրիի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք։

Գլխավոր ճարտարապետը, համայնքի ղեկավարի գիտությամբ, տարբեր անգամներ հանդիպումներ է ունեցել ինքնակամ շինությունը կառուցած քաղաքացու հետ՝ քննարկումներ ունենալով քաղաքային պաշտոնյաների կողմից շինությունն օրինականացնելու գործընթացի մանրամասների, ինչպես նաև պահանջված կաշառքի առարկա գումարը փուլային՝ «գործողություն–գումար–գործողություն–գումար» սխեմայով մաս–մաս փոխանցելու հանգամանքների շուրջ՝ այդ կերպ ներկայացնելով կաշառք ստանալու վերջնական պահանջ և ստանալով այն տալու խոստում։

Բացի այդ, Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հանցավոր խմբի անդամները, ձգտելով ապահովել իրենց կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունը և շարունակականությունը, նպատակաուղղված թիրախավորել են Գյումրի համայնքի ավագանու՝ իրենց ոչ ցանկալի անդամներին՝ նրանց վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ հավաքելու և շանտաժի միջոցով վերահսկելի դարձնելու հաշվարկով։

հակակոռուպցիոնը տեղեկացնում է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը, օգտվելով ի պաշտոնե իրեն տրված հնարավորությունից, գործնականում նախաձեռնել է փաստացի իր կողմից օգտագործվող և համայնքի հաշվեկշռում գտնվող հողամասն արհեստական հիմքերի ստեղծմամբ իր ներգրավված անձի անվամբ սեփականաշնորհելու և իր մերձավոր ազգականին պատկանող ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու նպատակով պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու գործընթաց։

Ավելին, վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաև գլխավոր ճարտարապետի կողմից ևս 6 դեպքով ապօրինի գործողություններ կատարելու դիմաց մի շարք քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք–գումարներ ստանալու մասին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG