ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Իսրայելի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ կոչ արեց Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին ներում շնորհել կոռուպցիայի համար դատվող վարչապետ Բենյամին Նեթանյահուին։
Մեկ ժամից ավելի տևած ելույթի ընթացքում Թրամփն ասաց. «Պարո՛ն նախագահ, ինչո՞ւ չեք ներում շնորհում նրան։ Սիգարներ, մի քիչ շամպայն․․․ ո՞ւմ է դա հետաքրքրում», - նկատի ունենալով խարդախության, կաշառակերության և վստահության խախտման մեղադրանքները, որոնց բախվել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետը երեք գործով է անցնում, որոնցից մեկի շրջանակներում նա մեղադրվում է գործարարներից շուրջ 210 հազար դոլարի նվերներ ստանալու համար, այդ թվում՝ շամպայն և սիգարներ։ Նեթանյահուն կտրականապես հերքում է մեղադրանքները։
Երկարամյա դավարությունը, որը մեկնարկել է 2020-ին, ընդհատվել է երկու տարի շարունակվող պատերազմի պատճառով։ Իսրայելի նախագահը հիմնականում արարողակարգային դեր ունի, բայց մի շարք դեպքերում նա իրավասու է ներում շնորհել դատապարտված հանցագործին։
Սպիտակ տան ղեկավարը նաև անցած հունիսին էր կոչ արել չեղարկել Նեթանյահուի դատավարությունը, իսկ վերջինս իր դեմ իրավական գործընթացները որակել էր «ձախակողմյան վհուկների որս», որի նպատակն է տապալել ընտրված աջակողմյան առաջնորդին: