Մատչելիության հղումներ

«Վրացական երազանքը» հաղթել է ՏԻՄ ընտրություններում, ընդդիմության առաջնորդները ձերբակալվել են

13:41 5.10.2025

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթել են Թբիլիսիի, Ռուսթավիի, Քութաիս, Բաթում և Փոթի քաղաքների ՏԻՄ ընտրություններում:

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում իշխող ուժի թեկնածու և գործող քաղաքապետ Կախա Կալաձեն հավաքել է ձայների 71,5 տոկոսը (214 հազար 872 քվե):

09:42 5.10.2025

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բախումների ընթացքում վիրավորվել է 21 ոստիկան և 6 ցուցարար:


09:15 5.10.2025

Գիշերվա ընթացքում ձերբակալվել են հոկտեմբերի 4-ի ակցիայի կազմակերպչական կոմիտեի անդամներից Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն և Լաշա Բերիձեն: Նրանք մեղադրվում են Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական իշխանության տապալման կոչի, ինչպես նաև բռնության խմբակային գործողությունների կազմակերպման, ղեկավարման ու մասնակցության մեջ, հայտնել է ՆԳՆ-ն: Այդ արարքների համար նախատեսված է մինչև 9 տարվա ազատազրկում:

09:11 5.10.2025

Իշխանությունը տապալելու փորձը ձախողված է, հայտարարել է Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Ակցիայի բոլոր մասնակիցները, նրա խոսքով, խստորեն կպատժվեն:

01:52 5.10.2025

Թբիլիսիի կենտրոնում շարունակում են այրվել բարիկադներ: Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հատուկջոկատայինները պարբերաբար օգտագործում են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

Առավել լարված իրավիճակը պահպանվում է Օրբելիանիի հրապարակի շրջանում և Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ։ Ցուցարարները հայտարարել են, որ գիշերը մնում են փողոցում և ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնողներին կոչ են անում միանալ իրենց:


23:10 4.10.2025

Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված արարքների համար՝ հարձակում ոստիկանի վրա, սահմանադրական կարգը բռնի փոխելու կամ պետական իշխանությունը տապալելու կոչեր, գույքը վնասելը կամ ոչնչացնելը, խմբային բռնության կազմակերպում, ղեկավարում կամ մասնակցություն, ինչպես նաև ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտի զավթման կամ արգելափակման փորձ:

22:19 4.10.2025

Իրավիճակը Թբիլիսիում այս պահին՝ լուսանկարներով

Նախագահական նստավայրի մոտ
Նախագահական նստավայրի մոտ
Թբիլիսիի կենտրոնական հատված՝ նախագահական նստավայրին մոտ
Թբիլիսիի կենտրոնական հատված՝ նախագահական նստավայրին մոտ
Ոստիկանությունը նախագահական նստավայրի մոտ՝ Աթոնելի փողոց
Ոստիկանությունը նախագահական նստավայրի մոտ՝ Աթոնելի փողոց
Աթոնելի փողոց
Աթոնելի փողոց


22:03 4.10.2025

«Վրացական երազանք» իշխող ուժի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, ելույթ ունենալով կուսակցության գրասենյակում, հայտարարել է․ «Այսօր ես ձեզ վստահեցնում եմ՝ նրանք, ովքեր դեռ սեր են տածում իրենց հայրենիքի, Վրաստանի նկատմամբ, ամբողջ աշխարհում ամենանախանձելի մարդիկ են։ Մենք կանգնած ենք շատ ամուր և պահում ենք իրավիճակը։ Այդպես էլ պետք է լինի, ճանապարհը կախված է միայն ձեզանից, միայն հասարակությունից»,- հայտարարել է միլիարդատեր քաղաքական գործիչը։

Իվանիշվիլին անդրադարձել է նաև Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցող բողոքի ցույցերին՝ պնդելով, թե այնտեղ հավաքվածները փոքրամասնություն են կազմում։

«Ինչպե՞ս կարող է (բնակչության) 80 տոկոսը աջակցել կուսակցությանը, իսկ 10 հազար մարդ հեղաշրջում իրականացնի։ Անհնար է», -ասել է Վրաստանի իշխող ուժի առաջնորդը:


22:00 4.10.2025

Մայրաքաղաքի գրեթե բոլոր ընտրատեղամասերի քվեաթերթիկների նախնական արդյունքների համաձայն, ըստ Վրաստանի ԿԸՀ-ի, Կախա Կալաձեն երրորդ անգամ ընտրվել է Թբիլիսիի քաղաքապետ։

Կախա Կալաձեն իշխող «Վրացակա երազանքի» գրասենյակի մոտ ելույթ ունենալիս
Կախա Կալաձեն իշխող «Վրացակա երազանքի» գրասենյակի մոտ ելույթ ունենալիս

Ըստ հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ իշխող ուժի առաջնորդներից Կալաձեի օգտին քվեարկել է ընտրողների 71.56 տոկոսը, նրա մրցակիցների՝ Իրակլի Կուպրաձեի օգտին՝ 12.45 տոկոսը, Յագո Խվիչիանի՝ 7.52 տոկոսը, Զուրաբ Մախարաձեի՝ 4.12 տոկոսը։

ԿԸՀ- ի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթում է նաև այլ քաղաքներում և շրջաններում:

21:53 4.10.2025

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի խոսքով՝ «բողոքի ակցիայի մասնակիցների անօրինական գործողությունների, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա տարբեր առարկաներ նետելու հետևանքով վնասվածքներ է ստացել ՆԳՆ 14 աշխատակից, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում»։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG