ՀՀ նախկին երեք նախագահները «թոկ են եղել Հայաստան պետության կայացումը թույլ չտալու համար», խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, մեջբերելով Փաշինյանի ԵԽԽՎ վերջին ելույթում և դրանից առաջ Արցախյան պատերազմի վերաբերյալ մի քանի հայտարարությունները, եզրակացրեց, որ ստացվում է՝ «գիտակցբար չկանխված և պարտված պատերազմը նպաստել է Հայաստանի անկախության ամրապնդմանը և պետականության հզորացմանը»: Ըստ Խաչատրյանի՝ Փաշինյանի հայտարարություններից ստացվում է, որ եթե լիներ զիջում, չլիներ պատերազմ, կամ պատերազմը հայկական կողմը հաղթեր, դա կարող էր հանգեցնել ՀՀ անկախության կամ պետականության կորստի:
Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, թե այդ դեպքում ինչո՞ւ են դատվում այն զինվորականները, որոնք, ըստ այս իշխանությունների, մեղադրվում են պատերազմում պարտվելու մեջ:
«Զինվորականները դատվում են, որովհետև այդ մեկնաբանությունը իրականության հետ կապ չունի, զինվորականները դատվում են, որովհետև այդ թվում ընդդիմության ներկայացուցիչները զանգում էին սահմանում կանգնած զինվորականներին, ասում՝ այդտեղ ի՞նչ էիք անում, եկեք Երևան գործ անելու», - ասաց վարչապետը:
Արթուր Խաչատրյանը կրկնեց իր հարցը՝ ասելով, որ Փաշինյանի արձագանքը իր հարցի պատասխանը չէր: Ապա նաև հարցրեց, թե որն էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը այս ամենի կոնտեքստում:
Վարչապետը օրինակով փորձեց պատասխանել. «Երբ 2022-ին հասկացանք, որ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները մեր նկատմամբ չի կատարել, չի կատարում և չի կատարելու, այդ պահին մենք անկախացանք, որովհետև հասկացանք, որ հույսներս մեզ վրա պիտի դնենք, և հասկացանք, որ անվտանգության այն համակարգը, որ դուք իբր կառուցել էիք, որ մենք անվտանգության համակարգ ունենք, դա փուչիկ էր, ոչ մի բան էր, ընդամենը գործիք էր մեր պետության կայացումը թույլ չտալու համար»:
Նա շեշտեց՝ դեռ 2021-ին է խոսել, որ ինչքան էլ դառը լինի, պիտի առերեսվել իրականության հետ, այն է՝ «Ղարաբաղի հարցը մի շարք երկրների կողմից օգտագործվել է որպես թոկ Հայաստանի շարժը և զարգացումը թույլ չտալու համար»:
«Դուք էլ եղել եք այդ թոկի թելերը, ավելի պարզ ի՞նչ է պետք: Դուք այդ թոկի պարաններն եք ձեր նախկին երեք, այլևս բացահայտված, այսպես կոչված՝ «նախագահների» հետ: Իրենք հո պետությունն առաջնորդելու համա՞ր չեն եղել: Իրենք եղել են նրա համար, որ պետություն չլինի, և իրենց ժամանակ պետություն չի եղել, իրենք թոկ են եղել Հայաստան պետության կայացումը թույլ չտալու համար», - հայտարարեց նա:
Փաշինյանն առաջարկեց լսումներ հրավիրել, որի ժամանակ ընդդիմադիր պատգամավորների բոլոր հարցերին կպատասխանի, իսկ եթե իր ասածները վիճարկում են նախագահները, նրանց առաջարկեց ուղիղ եթերում բանավիճել: Նախկին նախագահների հետ բանավիճելու առաջարկը նա նախկինում էլ էր արել:
«Գալիս եմ, ինձ հրավիրեք ուղիղ եթեր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից թող ներկա մարդ չլինի»,- ասաց նա:
Ավելի քան 9 ամիս է անցել այն օրից, որ իմացվեց՝ վարչապետ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել արտաքին գերատեսչությունում եղած Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային թղթերը:
Փաշինյանի այս հանձնարարականից առաջ նա նախկին երեք նախագահներին բանավեճի էր հրավիրել, ստացել մերժում: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բանավիճելու փոխարեն նրան առաջարկել էր հրապարակել ղարաբաղյան կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած խաղաղության բոլոր, այդ թվում՝ 2019-ի հունիսի պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները։