Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն ու Գեղամ Մանուկյանը միմյանց մեղադրեցին ստախոսության մեջ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին միմյանց մեղադրեցին ստախոսության մեջ:

Մանուկյանը նշեց, որ վարչապետը սուտ է խոսում, երբ հայտարարում է, որ ՔՊ դրամահավաքի ցուցակը իրենք են հրապարակել: Պատգամավորը հիշեցրեց, որ դա առաջին հերթին բացահայտել էին հետաքննող լրագրողները:

«Սուտ եք խոսում», - ասաց Մանուկյանը:

Փաշինյանը արձագանքեց, որ «Ազդարարում» դա հրապարակված էր, ապա իր հերթին Մանուկյանին դիմելով՝ ասաց, որ մի քանի անգամ իշխանափոխության խոստում են տվել:

«Դուք ինձ մեղադրեցիք սուտ ասելու մեջ, և ես ուզում եմ առիթից օգտվել և ձեզ մեղադրել սուտ ասելու մեջ, որովհետև եթե ձեր ասածները ճիշտ լինեին, դուք էս վերջին 7 տարում 87 անգամ հեղափոխություն անելու կոչ էիք արել: Ի՞նչ գործ ունեք խորհրդարանում: Եթե ամեն ինչ այդպես վատ է, դուրս եկեք հրապարակներ, կոչ արեք, հեղափոխություն արեք»,- նշեց Փաշինյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեն նախորդ ամիս կարճել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ 2022 թվականի նվիրատվությունների թեմայով նախաձեռնած քրեական վարույթը, որ հարուցվել էր կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու հատկանիշներով։

Նվիրատվությունների այս սկանդալն անցած տարի բացահայտեց Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն, «Սիվիլնեթ»-ի հետ միասին։

Փաշինյանը խորհրդարանում նաև հակադարձեց ընդդիմության պնդումներին, թե խուսափում են հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2019-ի առաջարկները:

«Ձեզ թվո՞ւմ է, թե 2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը չե՞նք հրապարակելու, ձգո՞ւմ ենք։ Մեկ անգամ արդեն կանգնեցիք էդ փոցխի վրա, թե չեն հրապարակում հուշագրերը։ Հանգիստ, նորմալ տեղավորվեք էդ փոցխի վրա, որովհետև նույն տեղում վայրեջք է կատարվելու», - ասաց Փաշինյանը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG