Մատչելիության հղումներ

UNICEF-ը կոչ է անում անհապաղ տարհանել Գազայում՝ ինկուբատորներում գտնվող 25-ից ավելի հիվանդ կամ վաղաժամ ծնված երեխաների


Գազա
Գազա

ՄԱԿ-ի մանկական բարեգործական կազմակերպությունը կոչ է անում անհապաղ տարհանել Գազա քաղաքում ինկուբատորներում գտնվող 25 -ից ավելի հիվանդ կամ վաղաժամ ծնված երեխաներին, որոնց կյանքը վտանգված է Իսրայելի զինված ուժերի սաստկացած հարձակումների հետեւանքով։

Reuters-ը, վկայակոչելով Պաղեստինի պաշտոնական աղբյուրները, հայտնում է, որ տանկերը շրջապատել են Ալ Հելո հիվանդանոցի մոտ գտնվող տարածքը, որտեղ ինկուբատորներում առնվազն 12 երեխա է պահվում։ Բժիշկների խոսքով՝ տարածքը գնդակոծվել է։ Reuters-ը տեսանյութեր է վկայակոչում, որոնցում բեկորներով լի հիվանդասենյակներ են։

«Ժամանակն է նրանց տեղափոխել, քանի որ Գազա քաղաքը կրկին դարձել է մարտական գոտի, բայց ո՞ւր տեղափոխել, չկա անվտանգ վայր», - Reuters-ին ասել է UNICEF-ի խոսնակ Ռիկարդո Պիրեսը։

Իսրայելի իշխանություններն ահազանգերին չեն արձագանքել։

Գործակալությունը գրում է, որ Պիրեսն անցյալ ամիս Գազա քաղաքում էր, որտեղ տեսել է Նարգես անունով վաղաժամ ծնված աղջկա, ում հանել էին գլխի շրջանում կրակոցի հետեւանքով մահացած իր մոր արգանդից։

«Մենք շատ մտահոգված ենք ոչ միայն նրա, այլև մյուս բոլոր երեխաների համար», - ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան։

XS
SM
MD
LG