Սանկտ Պետերբուրգի՝ Հայաստանի հյուպատոսարանում Արցախի նախկին պաշտոնյայի մահվանից երկու օր անց դեռ հաստատված չեն ողբերգության հանգամանքները:
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործը հարուցել է ինքնասպանության դրդելու հոդվածով: Այլ մանրամասներ հայտնի չեն՝ հայաստանյան ու ռուսաստանյան իրավապահները լուռ են:
42-ամյա Բորիս Ավագյանի մարմինը դեռ դիահերձարանում է: Նրա փաստաբան Կոնստանտին Տարասենկոն «Ազատությանը» փոխանցեց՝ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, որ պարզեն՝ ինչպես է մահացել Հայաստանի քաղաքացին:
«Նախնական արդյունքները, կարծում եմ, այսօր Քննչականը կստանա: Մեզ խոստացել են՝ առաջիկա օրերին մարմինը մեզ հանձնեն, որ տեղափոխենք Հայաստան», - ասաց Տարասենկոն:
Փաստաբանն այսօր Քննչական կոմիտեում էր: Փոխանցեց, որ իրեն էլ ամբողջական տեղեկատվություն չեն տալիս, մաս-մաս են իրազեկում քննության ընթացքից. «Ես դեռ հիմքեր չունեմ պնդելու, որ որևէ մեկը նրան դրդել է, կամ՝ չի դրդել ինքնասպանության: Ես չգիտեմ՝ նա այնտեղ ում հետ է շփվել, ինչ է խոսել»:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալը հյուպատոսարան էր գնացել՝ խնդրելով իրեն արտահանձնել հայրենիք, «Այսօրվա դրությամբ իրավապահ մարմինները չեն կարողանում ինձ պատասխանել, թե ինչ պատճառներով ՀՀ քաղաքացուն չեն կարողանում ձևակերպել էքստրադիցիայի պահը»:
Նա մեղադրյալ էր միանգամից երկու երկրներում՝ Հայաստանում և Ռուսաստանում: Երևանը Ավագյանին հետախուզում էր փողերի լվացման, պետական սահմանն ապօրինի հատելու համար, ռուսական կողմը նրան դատարանի առջև էր կանգնեցրել ավելի քան 4,2 մլրդ ռուբլի մաքսատուրքերից խուսափելու գործով:
Ավագյանի փաստաբանը պատմեց, որ նրա դեմ քրեական գործը ռուսաստանյան իրավապահները օգոստոսին որոշել են փակել՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու դիմաց. «Նա ամբողջությամբ մեղքն ընդունել է: Երբ պետական մեղադրողը ներկայացրեց մեղադրանքը: Բորիսն ինձ ասում էր՝ ընդունում եմ մեղքս, եկեք արագ ավարտենք գործի քննությունը»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքելուց հետո Ավագյանն, ըստ փաստաբանի, ազատ է արձակվել, տեղափոխվել զորամաս, անցել բժշկական հետազոտություններ, անցած ուրբաթ էլ պետք է տեղափոխվեր հավաքակայան: Բայց դրա փոխարեն ռուսները նրան կրկին կանչել էին դատարան, տեղեկացրել, որ ռազմական գործողություններին մասնակցելու պայմանագիրը չեղարկել են, պատրաստվում են քրեական գործը վերաբացել:
«Մենք չափազանց զարմացած էինք, քանի որ ոչ մեկը այդ մասին չէր տեղեկացրել: Դատարան նրան ուղեկցող զինվորականները ևս զարմացած էին», - ասաց Կոնստանտին Տարասենկոն:
Ավագյանը դատարանի նիստից դուրս էր եկել ու հասել Հայաստանի հյուպատոսարան, որտեղ անցկացրած 15 ժամերից հետո նրա դին հայտնաբերել էին զուգարանում:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանը «Ազատության» հետ զրույցում հերքեց Ավագյանի՝ մահվանից առաջ հնչեցրած մեղադրանքները, Գուրգեն Արսենյանը պնդեց՝ հյուպատոսարանի աշխատակիցները նրա արտահանձնումը ոչ միայն չեն մերժել, այլև ժամեր շարունակ աշխատել են այն կազմակերպելու ուղղությամբ:
Ի՞նչ գործողություններ են կատարվել հյուպատոսարանի շենքում, ինչո՞ւ են ռուս իրավապահները քրեական գործը հենց ինքնասպանության դրդելու հոդվածով հարուցել՝ ոչ հայկական, ո՛չ ռուսական կողմերը տեղեկություն չեն տալիս: Հայաստանի գլխավոր դատախազը ևս այսօր անպատասխան թողեց այս մասին հարցերը: