«Եվրատեսիլի» կազմակերպիչները մտադիր են քվեարկության դնել առաջիկա մրցույթին Իսրայելի մասնակցության հարցը։ Գազայի հատվածում Իսրայելի պատերազմի պատճառով տասնյակ երկրներ պահանջում են չեղարկել հրեական պետության մասնակցությունը միջազգային երգի մրցույթին։
Միջոցառման կազմակերպիչը՝ Եվրոպական հեռարձակողների միությունը, AFP-ին փոխանցել է, որ քվեարկությունը նախատեսված է նոյեմբերին։
Լրատվամիջոցը նշում է, որ մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Իսլանդիան, Իռլանդիան, Սլովենիան, Նիդեռլանդները սպառնացել են բոյկոտել Վիեննայում կայանալիք 2026 թվականի մրցույթը, եթե դրան նաև Իսրայելը մասնակցի։
Մրցույթը հյուրընկալող Ավստրիան բոյկոտի կոչերը որակել է «հիմար և անհեթեթ», Իսրայելի մերձավոր դաշնակից Գերմանիան էլ այդ երկրներին մեղադրել է երաժշտական միջոցառումը քաղաքականացնելու մեջ։
«Իսրայելին այսօր բացառելը... ժողովուրդների միջև փոխըմբռնման տոնակատարությունը վերածում է դատարանի», - հայտարարել էր Գերմանիայի մշակույթի նախարար Վոլֆրամ Վայմերը։