Այսօր լրանում է Ստեփանակերտում ողբերգական պայթյունի երկրորդ տարելիցը:
2023-ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղակայված բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը 219 հոգու կյանք խլեց, շուրջ 300 հոգի վիրավորում ստացավ, 22 հոգի անհետ կորած է։
Մինչև օրս գործով որևէ մեղադրյալ չկա: Քննչական կոմիտեից «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «քրեական վարույթի նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում, մասնավորապես քննություն է տարվում պայթյունի պատճառների բացահայտման ուղղությամբ, նշանակվել է դատահրդեհատեխնիկական և դատապայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Քննության ներկայիս փուլում դեռևս որևէ անձ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի»:
Զոհերի հարազատները պետական կառույցներից ստացած բազմաթիվ մերժումներից հետո գարնանը դարձյալ խնդրում էին կառավարությանն ու խորհրդարանին անդրադառնալ իրենց խնդիրներին: