«Հայաստանում ձևավորվել է ահաբեկման, ճնշման, քաղաքական հաշվեհարդարի, «ընտրյալների» անպատժելիության և այդպիսով՝ օրինազանցության խրախուսման մթնոլորտ, ինչը ծնում է նորանոր հանցագործություններ», - անդրադառնալով անդրադառնալով Փարաքար համայնքի ղեկավարի սպանությանը, հայտարարել է ՀՀԿ ԳՄ-ն:
Մերձավանի՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը ըստ ՀՀԿ ԳՄ-ի, «Հայաստանի քաղաքացիների, հատկապես ընդդիմադիր հայացքներով մարդկանց անպաշտպանության ապացույց և ուղերձ է՝ ուղարկված կրակոցներով»։
«Նպատակը մեկն է՝ վախեցնել, լռեցնել, վերացնել առկա բարոյազրկված և ապազգային իշխանական համակարգից դուրս մտածող ցանկացած անհատի և ուժի, երկրում չսանձելով նաև հանցավորության շեշտակի աճը», - ասված է հայտարարությունում:
«Վարչապետի աթոռը զբաղեցրած կապիտուլյանտի կառուցած քրեաիշխանական համակարգի գործունեության պայմաններում այլևս զարմանալի չեն անգամ ամենազարհուրելի սպանությունները, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ բռնաճնշումները, քաղաքական հակառակորդների հալածանքները՝ ընդհուպ մինչև ազատազրկում, արդարադատությանն ուղղորդելու ակնհայտ դեպքեր, իրավապահ համակարգը բացառապես սեփական շահերին ծառայեցնելու և բազմաթիվ արատավոր այլ դրսևորումներ», - նաև նշված է հաղորդագրությունում:
ՀՀԿ ԳՄ-ն հայտարարում է՝ «չենք լռելու և չենք նահանջելու, քանի դեռ այս կապիտուլյանտ և բարոյազուրկ իշխանություններին չենք հեռացրել»:
«Կոչ ենք անում բոլոր քաղաքական առողջ ուժերին, անհատներին, իրավիճակով մտահոգ մեր հասարակության բոլոր անդամներին՝ չլռել, համախմբվել և գործել անհապաղ Հայաստանի կառավարիչների մահիշխանության վերջը օր առաջ տալու համար», - ասված է հայտարարությունում:
Ոստիկանությունն այսօր կեսգիշերն անց հաղորդել էր, որ Մերձավանում կրակոցներ են հնչել, սպանվել են համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ ոստիկան Կարեն Աբրահամյանը:
Մերձավանում կրակոցների և սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարչապետը դատապարտել է այս միջադեպը, հայտարարելով՝ պետք է մանրամասն վերլուծության ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել, և որ այդ վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ։