«Ղարաբաղյան իմ քաղաքականությունը ոչ մի կապ չունի իր քաղաքականության հետ», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով խաղաղության վերաբերյալ վարչապետի օրակարգին:
Դիտարկմանը, որ տեսակետ է հնչում, թե Արցախի հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն առաջ է տարել հենց իր՝ Տեր-Պետրոսյանի թեզերը՝ փոխզիջումներով հասնել կոնֆլիկտի հանգուցալուծմանը, առաջին նախագահն արձագանքեց. «Այդ թեզերը նա կործանեց՝ Ստեփանակերտում հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ու պատերազմ բերեց»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հետ բանավիճելու հնարավորությանը, Տեր-Պետրոսյանը վերստին իր մոտեցումն արտահայտեց՝ հորդորելով վարչապետին հրապարակել Լեռնային Ղարաբաղի մասին բոլոր փաստաթղթերը:
«Թող հրապարակի Ղարաբաղի մասին բոլոր փաստաթղթերը, որոնք իր ձեռք տակ են։ Այդ մասին հարյուր անգամ ասել եմ։ Եթե հրապարակի, վեճն արդեն վերջացած կլինի, ամեն ինչ այնտեղ ասված է»,– ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե որպես Փաշինյանի նախկին կուսակից՝ չէ՞ր գնահատում, թե ինչի կհանգեցնի 2018 թվականի հեղափոխությունը, Տեր-Պետրոսյանը հարցով պատասխանեց. «Հեղեղն ինչպե՞ս գնահատես»։
«Դա այնպիսի մի փոթորիկ էր, մարդը հաջողեց։ Մարդը ինչ նպատակ դրել էր՝ հասավ։ Դա պիտի գնահատես, ինքը հասավ իր նպատակին», - ասաց նախկին նախագահը՝ շեշտելով, թե ինքը երբևէ Փաշինյանին իր հոգեզավակը չի կոչել:
«Ազատությունն» առաջին նախագահից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ակտիվացավ վերջին շրջանում իր քննադատություններով: Տեր-Պետրոսյանն արձագանքեց. «Հարկ համարեցի, խոսեցի, ի՞նչ է եղել»։
Իսկ թե իր առաջնորդած Հայ ազգային կոնգրեսը մասնակցելո՞ւ է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, առաջին նախագահը չհստակեցրեց, հորդորեց հարցնել կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին:
Տեր-Պետրոսյանն ավելի վաղ անդրադարձել էր վարչապետ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, ամպագորգոռ հոխորտանք որակել, որով, ըստ Տեր-Պետրոսյանի, նա պատերազմ է հայտարարել Ադրբեջանին և կրել ջախջախիչ պարտություն։
Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր սոցիալական ցանցում գրառմամբ. «ՏԼՊ-ին ո՞վ և ի՞նչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո Հայաստանի 18 տարեկան զինվորներին տեղակայել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»։
Նախորդ օրերին ևս միմյանց ուղղված քննադատություններ էին եղել: Առաջին նախագահը հորդորել էր Փաշինյանին կալանքից ազատել արքեպիսկոպոսներին, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանին: