«Ես հիացած չեմ դրանով», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ արձագանքելով նախօրեին Քաթարի մայրաքաղաքի վրա իսրայելական հարձակմանը:
«Սա լավ իրավիճակ չէ, բայց ես ուզում եմ ասել՝ մենք ցանկանում ենք պատանդների վերադարձը, բայց դժգոհ ենք այն ձևից, թե ինչպես ամեն ինչ տեղի ունեցավ», - նշել է Թրամփը։
Իսրայելը պաշտպանել է հարվածները՝ դրանք համարելով արդարացված, իսկ Քաթարը Իսրայելին մեղադրել է դավաճանության և «պետական ահաբեկչության» մեջ։ Քաթարի վարչապետ շեյխ Մոհամեդ բին Աբդուլռահման ալ-Թանին ասել է, որ այդ օդային հարվածները կարող են խաթարել Քաթարի միջնորդությամբ ընթացող խաղաղ բանակցությունները «Համաս»-ի և Իսրայելի միջև։
Թրամփի վարչակազմը հարձակման մասին նախազգուշացում է ստացել ԱՄՆ զինվորականներից՝ դրա տեղի ունենալուց անմիջապես առաջ, ասել է Թրամփը սոցիալական ցանցերում ավելի վաղ արված հայտարարության մեջ։ Սակայն նա չի հստակեցրել՝ արդյոք հենց Իսրայելն է փոխանցել այդ տեղեկատվությունը ԱՄՆ-ին: