Մատչելիության հղումներ

«Ես կարծում եմ համարժեք է». ՔՊ-ական կին պատգամավորները արձագանքում են «սեռավարակի թեստի» մասին հայտարարությանը


ՔՊ-ական կին պատգամավորներն այսօր խուսափում էին ուղիղ դատապարտել իրենց գործընկերոջ՝ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի պահվածքը, համարժեք համարելով ընդդիմադիր կին պատգամավորին ուղղված՝ «սեռավարակի թեստ հանձնելու» մասին նրա հայտարարությունը:

ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանը, օրինակ, անընդունելի համարելով թե՛ իր կուսակցի, թե՛ ընդդիմադիր պատգամավորի պահվածքը, նրանց հայտարարությունները դնում է նույն նժարի վրա. «Նրա երեխան էլ է տեսնում, որ իր հորը թմրամոլ են համարում, նրա երեխան էլ է տեսնում, որ իր մորը մեղադրում են մեկ այլ վատ... Սա անընդունելի է, չի կարելի»:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը երեկ Ազգային ժողովի նախագահին ուղղված նամակում իշխանական Արթուր Հովհաննիսյանից պահանջել էր թմրանյութի թեստ հանձնել, քանի որ նրա պահվածքը կասկածներ է հարուցում: Օրերս ՔՊ խմբակցության քարտուղարը ուղիղ եթերում ռեպլիկ էր նետել Թովմասյանի ուղղությամբ, երբ վերջինս հարցազրույց էր տալիս լրագրողներին:

Ի պատասխան «թմրանյութի թեստին», Արթուր Հովհաննիսյանն էլ խորհրդարանում պահանջել էր, որպեսզի ընդդիմադիր պատգամավոր Թովմասյանը «սեռավարակի թեստ» հանձնի, քանի որ նա մի քանի բնակարան ունի Երևանում:

«Միանշանակ ես ասում եմ՝ այս խոսույթներն ինձ համար անընդունելի են: Չի կարելի այս ձևով շփվել Ազգային ժողովում ոչ մի պարագայում՝ ո՛չ կնոջ դեպքում, ո՛չ տղամարդու դեպքում: Պետք է, ինձ թվում է, երկուսն էլ երկուսից ներողություն խնդրեն, ոչ թե միայն Արթուր Հովհաննիսյանը, նաև Թագուհի Թովմասյանը պետք է ներողություն խնդրի, որովհետև ի՞նչ է նշանակում նարկոտիկի թեստ հանձնի, տեսնենք՝ զգոն է, թե զգոն չի, երևի», - նշեց Հունանյանը:

ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանն ասում է, թե, օրինակ, ինքն իրեն երբեք թույլ չէր տա տղամարդուն ասել՝ թմրանյութի թեստ հանձնի: Եթե Արթուր Հովհաննիսյանը խանգարել էր Թովմասյանի ճեպազրույցը, ասելով, որ նա նիստերին չի ներկայանում, ապա, ըստ Հունանյանին, կարելի էր այլ կերպ պատասխանել դրան. «Երբեք չեմ տեսել ինադեկվատ վիճակում, Արթուր Հովհաննիսյանին նարկոտիկի ազդեցության տակ և այլն, նման իրավիճակում երբեք չեմ տեսել, նա այդ կողմից շատ պարկեշտ անձնավորություն է»:

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Ալխաս Ղազարյանն էլ ասում է, թե առհասարակ չէր ուզենա այս թեմայի մեջ մտնել, բայց կարծում է՝ 2 կողմն էլ «տհաճ քայլ» են արել. «Երկուսն էլ բավականին փորձառու քաղաքական գործիչներ են, գուցե իրենց հարմար է նման տեսքով իրար հետ խոսելը, բայց ես կարծում եմ, իմ գնահատականով, երկու կողմն էլ տհաճ քայլ է, երկու կողմին էլ չեմ խրախուսում նման խոսույթով հանդես գալ»:

«Ազատության» հարցին՝ պե՞տք է ներողություն խնդրել, որովհետև մեծ աղմուկ է բարձրացել, Ղազարյանը պատասխանեց. «Եկեք ես չլինեմ դատավոր: Ես կարծում եմ՝ համարժեք են, ու զերծ կմնամ որևէ գնահատական տալուց»:

«Պատիվ ունեմը» որոշել է հանդես գալ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ. Մամիջանյան

«Նախ, ոչ, նույն նժարի վրա չեն, ես չեմ պատկերացնում, ես որևէ մեկի նկատմամբ չէի կարողանա երբևէ նմանօրինակ բառեր հնչեցնել, առավել ևս կին գործընկերներիցս, ինչպես իրեն թույլ է տալիս Արթուր Հովհաննիսյանը: Փողոցային ռազբորկայի տրամաբանությամբ են շարժվում ՔՊ-ական պատգամավորները, եթե այդքան վիրավորված էր Արթուր Հովհաննիսյանը, մի հանձնաժողով էլ թող ինքը սարքեր», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Մամիջանյանն ասում է՝ այն հանգամանքը, որ ՔՊ-ական կին պատգամավորները անգամ համերաշխություն չեն դրսևորում կին գործընկերոջ նկատմամբ, լավագույնս բնորոշում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ 8 -րդ գումարման Ազգային ժողովը ի թիվս այլ բացասական երևույթների աչքի է ընկել նաև թե՛ կին պատգամավորների և թե՛ կին լրագրողների նկատմամբ խայտառակ դրսևորումներով:

Նրա խոսքով, հիմք ընդունելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ «խայտառակ պահվածքը», «Պատիվ ունեմը» որոշել է կրկին հանդես գալ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

Ամիսներ առաջ իշխող մեծամասնությունը մերժեց նման հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիրների հերթական առաջարկը, որն այդ ժամանակ վերաբերում է իշխանական մեկ այլ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքին: Հայկ Մամիջանյանը վստահ է՝ այս անգամ էլ իշխող ուժը կխոչընդոտի հանձնաժողովի ստեղծմանը, բայց ևս մեկ անգամ պետք է հրավիրել քաղաքացիների ուշադրությունը այս հարցի վրա. «Երևի որոշ նմանօրինակ դեպքեր անպատիժ են անցել, դրա համար մենք հասել ենք այս լկտիությանն ու հանդգնությանը ՔՊ-ի: Դրա պատասխանը առաջին հերթին պիտի տա մեր ժողովուրդը, մեր քաղաքացիներն իրենց վերաբերմունքով ՔՊ-ին»:

ՔՊ խմբակցության քարտուղարի աղմկահարույց հայտարարությունը դատապարտել են մի շարք իրավապաշտպաններ, օրինակ, Զարուհի Հովհաննիսյանն ու Ժաննա Ալեքսանյանը, մի շարք հայտնի իրավապաշտպաններ, սակայն, առայժմ լռություն են պահպանում:






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG