Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի լույս 8-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Կիևի մարզում գտնվող ջերմային գեներացիայի օբյեկտին։
«Նպատակն ակնհայտ է․ առավելագույնս բարդացնել խաղաղ բնակչության կյանքը, թողնել առանց լույսի ու ջեռուցման ուկրաինական տները, հիվանդանոցները, մանկապարտեզներն ու դպրոցները։ Էներգետիկ արտադրական կայանները, էլեկտրահաղորդման ու բաշխման ցանցերը, գազամատակարարման ենթակառուցվածքը ռազմական թիրախներ չեն։ Թշնամին հստակ գիտակցում է, որ հարվածում է քաղաքացիական կարևորագույն ենթակառուցվածքին», – նշված է նախարարության հաղորդագրությունում։
Ուկրաինական օդային ուժերի տվյալներով՝ նույն գիշերը Ռուսաստանը կիրառել է 142 անօդաչու, որոնցից 112-ը խոցվել կամ վնասազերծվել է։ Հակաօդային պաշտպանության ուժերը, մասնավորապես, ակտիվ են գործել նաև Կիևի մարզում։
Մոսկվան, իր հերթին, շարունակում է հերքել քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։