Մատչելիության հղումներ

Մեղադրանք դեսպանի եղբորը. ձերբակալված Մկրտիչ Մկրտչյանը տնային կալանքի տակ է


ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպանի եղբորը Քննչականը մեղադրանք է ներկայացրել, կալանավորման միջնորդությամբ դիմել դատարան, բայց Մկրտիչ Մկրտչյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանքը՝ 2 միլիոն դրամ գրավի դիմաց: Մկրտչյանը մեղադրվում է հրազենի ապօրինի շրջանառության համար:

«Մանրամասների մասով նախաքննության փուլի առանձնահատկություններից ելնելով չեմ ցանկանում հիմա բարձրաձայնել, հետագայում հնարավոր է՝ որոշ տեղեկություններ տրամադրենք: Հիմա մեղադրանք են առաջադրել, խափանման միջոցի հետ կապված միջնորդություն էր արվել դատարան՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որ խափանման միջոց ընտրվի կալանավորումը, դատարանն ըստ էության չբավարարեց քննիչի միջնությունը, կիրառեց տնային կալանք և գրավ», - ասաց փաստաբան Գեղամ Հակոբյանը:

Ոստիկանությունն էր օրերս հայտնել, որ պարեկները Փարաքարում ստուգումների նպատակով կանգնեցրել են մի մեքենա, որը վարել է դեսպանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը, այդ ընթացքում մեքենայից իջել ու փախել է ուղևորը՝ նետելով ատրճանակ ու փոշենման զանգված: Թե ո՞վ է այս ուղևորը, իրավապահները չեն մանրամասնում, հայտնի է միայն, որ նրան դեռ որոնում են:

Մկրտչյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը գոհ էր դատարանի որոշումից. «Որոշումը դեռևս չեմ ստացել ամբողջական տեքստով, որոշումները ստանամ, ըստ այդմ իմ գնահատականները կտամ: Համենայն դեպս նաև ներկա իրավիճակում գնահատում եմ, որ կալանավորում կիրառելու որևէ իրավական և փաստական հիմք գոյություն չուներ ու դատարանը գոնե այդ մասով օբյեկտիվություն դրսևորել է»:

Մինչ դեսպանի եղբոր փաստաբանը դատարանի որոշումն արդար է համարում, ընդդիմադիրներին ներկայացնող փաստաբաններն այստեղ ակնհայտ անարդարություն են տեսնում:

«Ապօրինի զենքի ու թմրամիջոցների գործով բարձրաստիճան պաշտոնյայի եղբորը տնային կալանք ենք տալիս, իսկ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին խոսքի համար՝ բանտային կալանք», - այս մասին այսօր Ֆեյսբուքում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Շիրակի թեմի առաջնորդը կալանքի տակ է արդեն երկուսուկես ամիս, մեղադրվում է իշխանության զավթման կոչի համար:

Տնային կալանքի տակ գտնվող Մկրտիչ Մկրտչյանի փաստաբանն այսօր խուսափեց մանրամասներ հայտնել «Ազատությանը», պնդեց՝ կաշկանդված են նախաքննական գաղտնիքով, անգամ չի կարող ասել՝ պաշտպանյալը մեղքն ընդունում է, թե՝ ոչ:

Այս միջադեպից հետո մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ ավտոմեքենայից դուրս նետված ատրճանակն ու փոշենման զանգվածը եղել են հենց դեսպանի եղբոր մոտ, և որ մեքենան կանգնեցնելու պահին այդ իրերով պայուսակը նա փոխանցել է ուղևորին: Արդյոք այդպե՞ս է, ո՛չ փաստաբանը, ո՛չ Քննչականը փակագծեր չեն բացում: Ըստ մեղադրանքի, այս պահին պարզ է մի բան՝ Մկրտիչ Մկրտչյանն իր մոտ ապօրինի զենք է ունեցել:

Վերջերս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատված ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանը եղբոր հետ կապված միջադեպի վերաբերյալ ասել էր՝ քննությունը կպարզի մեղավորներին ու պատիժը կլինի ըստ օրենքի:

«Ինչ վերաբերում է իմ քաղաքական թիմին, իմ ազդեցությանը, ո՛չ իմ հանրային կարգավիճակը, ո՛չ իմ ներկայիս պաշտոնը չի կարող որևիցե ազդեցություն կամ միջամտություն ունենալ», - ասել է Նարեկ Մկրտչյանը:

Ի տարբերություն հրապարակայնորեն եղբորը չարդարացնող Մկրտչյանի, ներքին գործերի նախարարը շտապել էր հայտարարել, թե Մկրտիչ Մկրտչյանի մոտ արգելված իր չի հայտնաբերվել, ուղևորի մոտից են նետվել այդ իրերը: Այս խոսքերից հետո Արփինե Սարգսյանը գործն ուղղորդելու մեղադրանքներ էր ստացել լրատվամիջոցներից:

«Նախաքննությունը կտա հարցի պատասխանը՝ Նարեկ Մկրտչյանի եղբայրն է փոխանցել իր պայուսակը ընկերոջը, թե՞ ընկերոջն է դա եղել: Այս պահին առկա տվյալներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել», - նշել է նա:

Մեղքն ապացուցվելու դեպքում իշխանական գործչի եղբորը սպառնում է առավելագույնը երեք տարի ժամկետով ազատության սահմանափակումից մինչև կարճաժամկետ՝ երկամսյա ազատազրկում կամ առավելագույնը 5 տարվա բանտարկություն:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG