Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում Իսլանդիայից 0։5 հաշվով կրած պարտությունից հետո հակասություններ են ծագել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի և հավաքականի մարզիչ, պորտուգալացի Ֆերնանդու Սանտուշի միջև։
«Մենք ակնկալում ենք, որ հետխաղային ասուլիսի ընթացքում Սանտուշը հրաժարական կներկայացնի», - երեկ երեկոյան հայտարարել էր Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջահանգիր Ֆարաջուլաևը։
Չնայած ֆեդերացիայի ղեկավարի այս կոչին՝ պորտուգալացի մասնագետը Ռեյկյավիկում կայացած ասուլիսի ժամանակ նշել է, որ Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը լքել չի պատրաստվում։
«Ես գործող պայմանագիր ունեմ», - հայտարարել է Սանտուշը։
2024-ի ամռանը երեք տարով կնքված այդ պայմանագրի համաձայն, եթե Սանտուշը վաղաժամ հեռացվի գլխավոր մարզիչի պաշտոնից, ապա Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիան պարտավոր կլինի նրան 2 միլիոն եվրոյի փոխհատուցում վճարել։