Միացյալ Նահանգներում նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի, նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և երկրից բացակայելու արգելքը։ Նա օրերս էր ձերբակալվել:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել մեկ անձի՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ «հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը»: ՔԿ-ն, սակայն, չի նշում, թե ում մասին է խոսքը:
Ըստ ոստիկանության՝ չորեքշաբթի օրը պարեկները Փարաքարում ստուգումների նպատակով կանգնեցրել են մեքենա, որը վարել է դեսպանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը, այդ ընթացքում մեքենայից իջել ու փախել է ուղևորը՝ նետելով ատրճանակ ու փոշենման զանգված: Քրեական գործ էր հարուցվել ապօրինի զենքի և ապօրինի թմրամիջոցների շրջանառության հոդվածով:
Նարեկ Մկրտչյանի եղբոր մեքենայից թմրանյութ ու ատրճանակ նետած տղամարդուն ոստիկանները դեռ չեն հայտնաբերել: