Հայաստանի վարչապետի օդանավը օգոստոսի 30–ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և սեպտեմբերի լույս 6-ի գիշերը վերադարձել Հայաստան, հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար եւ ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար», - նշել է Բաղդասարյանը։
Վարչապետի խոսնակը հիշեցրել է, որ ադրբեջանական ինքնաթիռները տևական ժամանակ ՀՀ օդային տարածքով ապահովում են հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև։
Վարչապետը տիկնոջ հետ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը աշխատանքային այցով մեկնել էր Չինաստան, հետո Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ից երկօրյա աշխատանքային այցով գտնվել է Ճապոնիայում:
Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում համատեղ հռչակագրի էին ստորագրել, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա: