Քաղաքացիական հագուստով, առանց փաստաթղթեր ներկայացնելու ոստիկաններն օրերս ներխուժել են Տաթևի՝ երկու ամիս առաջ կալանավորված վարչական ղեկավար Գոռ Մինասյանի տուն, ահազանգում է Մինասյանի անչափահաս դուստրը։ 15-ամյա Միլենա Մինասյանը դեպքի մանրամասներն «Ազատությանը» պատմեց՝ խնամակալ տատիկի ու պապիկի թույլտվությամբ: Նրա տատը՝ Վարդանուշ Մինասյանը, հրաժարվեց խոսել՝ ասելով, որ ի վիճակի չէ տեսածը պատմել, հուզվում է։
«Պապիկս հարցրել է՝ «ովքե՞ր եք», ասել են, որ ոստիկանությունից են, հարցրել է՝ ունե՞ն իրավունք, որ մտել են տուն, ոչինչ չեն պատասխանել, խնդրել է, որպեսզի ներկայանան, թե ովքեր են, անուն կամ ազգանուն, ոչինչ չեն նշել: Պապիկին ու տատիկին հրելով՝ մտել են սենյակներ, պապիկս խնդրել է, որ չմտնեն մեր սենյակ, որովհետև երեխաները քնած են եղել, ասել է, որ կվախենան», - ներկայացրեց Միլենա Մինասյանը:
Ըստ աղջկա՝ ոստիկանները, առանց պարզաբանման, սեպտեմբերի 3-ին գիշերը ժամը 4:30 են իրենց տուն մտել, երբ ինքը, անչափահաս, այդ թվում՝ երեքամյա եղբայրն ու քույրերը քնած էին։ Ոստիկաններին պապն է դիմավորել, որն էլ առողջական լուրջ խնդիրներ ունի։
Միլենայի խոսքով՝ ինքն ու քույրերը, եղբայրը, քաղցկեղով հիվանդ պապն ու տատը աղմուկից են արթնացել՝ սարսափած՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Ոստիկանները տունը տակնուվրա են արել, առանց բացատրելու, թե ինչ են փնտրում, ապա որոշ ժամանակ անց թողել ու հեռացել են։
«Ոստիկանական համազգեստ չէին կրում, հագել էին սպորտային հագուստ, տատիկը երբ իրենց հրեց, հետ գնացին ու էլի հայհոյանքներով, վատ ժարգոնային արտահայտություններով խոսում էին: Երբ ես փորձեցի հեռախոսս բարձի տակից հանել, որպեսզի այդ ամենը նկարեմ, իրենք նկատեցին ու դուրս եկան», - պատմեց Գոռ Միասյանի դուստրը:
Քննչական կոմիտեից պնդում են, թե քրեական վարույթի շրջանակում ոստիկանները օրինական գործողություն են իրականացրել։ Բայց թե ի՞նչ քրգործի մասին է խոսքը, չեն հայտնում։ Միայն հաղորդում են՝ այն կապ չունի Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի գործի հետ։ Մինասյանը հուլիսին կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով։
Ներքին գործերի նախարարությունից էլ հայտնեցին, որ սպանության փորձի հատկանիշներով հետախուզվող անձի են փնտրել ոստիկանները, բայց և չեն բացահայտում՝ ում։
Գերատեսչությունից հերքում են Գոռ Մինասյանի հարազատների պնդումները. «Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, սեպտեմբերի 3-ին նախաքննական մարմնի հանձնարարությամբ, առանձնապես ծանր հանցանքի՝ սպանության փորձի հատկանիշներով հետախուզվող անձին հայտնաբերելու ուղղությամբ մի քանի հասցեներում իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Տուն այցելության ժամանակ, ոստիկանները պատշաճ ներկայացել են, հայտնել այցելության նպատակը, ստացել են տան անդամի թույլտվությունը, նրա ուղեկցությամբ շրջել են տանն ու հեռացել»։
Արթուր Սաքունցը ոստիկանների ներխուժումը ահաբեկչություն է որակում
Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի նախագահ, հրավապաշտպան Արթուր Սաքունցը ոստիկանների ներխուժումը ահաբեկչություն է որակում։ Ասում է՝ անհապաղ ծառայողական քննություն պետք է իրականացվի։
«Քանի որ կան օբյեկտիվորեն տարբեր մեկնաբանություններ և, այսպես ասած, բանավոր վկայություններ տեղի ունեցածի վերաբերյալ, վկայում է, որ պետք է անհապաղ քննություն իրականացվի՝ դեպքի հանգամանքները պարզելու, ճշտելու ուղղությամբ, իհարկե, տվյալ դեպքում պատասխանատվության ենթարկելու ոստիկանության աշխատակիցներին: Ինչո՞ւ, որովհետև ոստիկանության աշխատակիցները նման խմբով ու նման կերպով այցելություն կատարելու, առավել ևս փաստացի, փաստորեն չի հերքվում, խուզարկություն իրականացնելու համար..... որովհետև բնակարանը մասնավոր սեփականություն է», - ասաց Սաքունցը:
ՆԳՆ-ից այսօր որևէ խոսք չէին ասել ծառայողական քննություն անցկացնելու մասին։ Գերատեսչությունից չեն հստակեցրել նաև՝ արդյոք եղե՞լ է դատարանի որոշում՝ Տաթևի վարչական ղեկավարի տանն ու նրանց հարազատների տանը հետախուզվողին փնտրելու գործողություններ իրականացնելու համար։
Իրավապաշտպանը, դատապարտելով ոստիկանների քայլը, շեշտում է՝ քրեական ոստիկանությունն անգամ հեղափոխությունից հետո՝ տարիներ է՝ չի բարեփոխվում. «Ոստիկանության համակարգում առանձին կառուցվածքային միավորներ, որոնք պետք է միաժամանակ բարեփոխվեին, բայց փաստ է, որ անգամ առաջին ռազմավարությամբ նախատեսված քրեական ոստիկանության բարեփոխումները չհասցվեցին, հիմա նոր միայն պարեկային ծառայության ինչ-որ հատված է: Ես ասել եմ, որ միայն հատվածային բարեփոխումը չի կարող համարվել արդյունավետ, եթե ամբողջ համակարգն իր բոլոր ստորաբաժանումներով բարեփոխման ենթարկված չէ»:
Վերջին տարիներին միջազգային զեկույցներում Հայաստանը հաճախ է քննադատության արժանանում ոստիկանական բռնությունների, ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների պատճառով: