Միացյալ Նահանգներում նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր մեքենայից թմրանյութ ու ատրճանակ նետած տղամարդուն ոստիկանները երկրորդ օրն է՝ չեն կարողանում հայտնաբերել:
Իսկ դեսպանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը ձերբակալված է: Նրան մեղադրանք չեն առաջադրել: Քրեական գործ է հարուցվել ապօրինի զենքի և ապօրինի թմրամիջոցների շրջանառության հոդվածով: Գործով զարգացում դեռ չկա, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից:
Ըստ ոստիկանության՝ չորեքշաբթի օրը պարեկները Փարաքարում ստուգումների նպատակով կանգնեցրել են մեքենա, որը վարել է դեսպանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը, այդ ընթացքում մեքենայից իջել ու փախել է ուղևորը՝ նետելով ատրճանակ ու փոշենման զանգված:
Մի շարք լրատվամիջոցներ պնդում են, թե ատրճանակն ու փոշենման զանգվածը եղել են հենց Մկրտիչ Մկրտչյանի մոտ, մեքենան կանգնեցնելու պահին այդ իրերով պայուսակը նա փոխանցել է ուղևորին:
Թեև նախաքննությունը ընթացքում է, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողներին երեկ հայտնեց, թե Մկրտիչ Մկրտչյանի մոտ արգելված իր չի հայտնաբերվել. «Նախաքննությունը կտա հարցի պատասխանը՝ Նարեկ Մկրտչյանի եղբայրն է փոխանցել իր պայուսակը ընկերոջը, թե՞ ընկերոջն է դա եղել: Այս պահին առկա տվյալներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել»:
Արդյոք այս հայտարարությունը չի՞ նշանակում, որ նորանշանակ դեսպանի եղբորը փորձում են պատասխանատվությունից ազատել կամ ուղղորդել քննիչներին: «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանին զարմացնում են լրագրողների այս հարցերը. «Հիմա այդ բոլոր նշածների համախմբով ի՞նչ խնդիր կա նախարարի հայտարարության մեջ, ի՞նչն է ուղղորդում, եթե մոտից մի բան կամ հայտնաբերել են, կամ էլ չեն հայտնաբերել: Մարդու մոտից այս կամ այն բանը հայտնաբերել կամ չհայտնաբերելը քննության առարկա չի»:
Նարեկ Մկրտչյանը, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատվեց ու նշանակվեց Միացյալ Նահանգներում դեսպան, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է, արտաքին հարցերի պատասխանատուն է:
Վահագն Ալեքսանյանը կուսակցի եղբոր քրեական պատմության հետ կապված հարցին նայում է այլ տեսանկյունից՝ իրավապահները կանգնեցրել են մեքենան առանց հաշվի առնելու՝ ով է վարորդը. «Անկախ նրանից, թե ում մեքենան է, ով է վարորդը, վարորդի ընկերն ով է: Առանց որևէ տարակուսանքի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կարող են յուրաքանչյուրին կանգնեցնել, կարող են օրենքով սահմանված կարգով ստուգումներ իրականացնել և ոչ մի խոչընդոտ քաղաքական իշխանության կողմից չունեն»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնապես այս քրեական պատմությանը դեռ չի արձագանքել: Իսկ դեսպանը «Ազատության» հետ զրույցում երեկ ասել էր, թե քննությունը կպարզի մեղավորներին ու պատիժը կլինի ըստ օրենքի. «Ինչ վերաբերում է իմ քաղաքական թիմին, իմ ազդեցությանը, ո՛չ իմ հանրային կարգավիճակը, ո՛չ իմ ներկայիս պաշտոնը չի կարող որևիցե ազդեցություն կամ միջամտություն ունենալ»:
Ներքին գործերի նախարարը լրագրողներին ասել էր՝ եթե դեպքը պարտակելու նպատակ ունենային, ապա Մկրտիչ Մկրտչյանին չէին ձերբակալի: