Գլխավոր դատախազությանն այդպես էլ չի հաջողվում պետությանը վերադարձնել մայրաքաղաքի ամենակենտրոնում գտնվող «Սիլ պլազա»-ի շենքը:
«Դուք ձեր տունը ինչի՞ չեք տալիս պետությանը, դե տվեք ... Ես էլ «Սիլ պլազա»-ի պես շենք էդ միակը ունեմ», - լրագրողների հետ զրույցում հայտարարում էր իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Սուքիասյանի «Գռզո պլազա»-ն այս անգամ էլ Վերաքննիչ դատարանում է հաղթել: Վերաքննիչն ուժի մեջ է թողել առաջին ատյանի վճիռն ու հաստատել նույն պնդումը՝ Դատախազությունը բաց է թողել օրենքով մեկ տարվա ժամկետը, այսինքն՝ երբ տեղեկացել է խախտման մասին, ժամանակին չի դիմել դատարան, իսկ սա նշանակում է, որ գործը պետք է փակել առանց բովանդակային քննության, «Սիլ պլազա»-ն էլ թողնել Խաչատուր Սուքիասյանին:
«Պարտվել է սովորական քաղաքացին, մնացած բոլորը շահել են: Իշխանահաճո քրեական գործերի խմբագիր օգնական Աննա Վարդապետյանը հաղթել է, որովհետև շեֆի աչքին էլ, իշխանական պատգամավորի աչքին էլ ինքը մաքուր է մնացել, հանգիստ կարող է իր պաշտոնը վայելել և շարունակել իշխանության պատվերով քրեական գործեր հարուցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Մանուկյանը, որ հետևում է այս գործին, զարմացած չէ: Այդպես էլ պիտի լիներ, իշխանական պատգամավորի սեփականության դեմ այս գործով պարզապես հերթական իմիտացիան են անում, պնդում է, ցույց են տալիս, թե իբր աշխատում են. «Այսօր Հայաստանում գործում է հետևյալ իրավիճակը իրավապահ համակարգի՝ շեֆի ասածը օրենք է, և շեֆի ասածը կաշվից դուրս գալով մինչև վերջ պետք է անեն, կամ եղած բացահայտումները, պարտադրված, իմիտացիա ստեղծեն այդ բացահայտումների շուրջ, ծածկադմփոց անեն և վերջանա»:
Ինչպե՞ս կարող էր Դատախազությունը չիմանալ ժամկետները բաց թողնելու մասին. Մանուկյանի կարծիքով, իրավապահներն անգամ չէին էլ անդրադառնա այս թեմային, եթե չլինեին հետաքննող լրագրողները:
«Հետք»-ն էր բացահայտել, որ Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանը շենքը Սուքիասյաններին է փոխանցել շուկայականից ցածր գնով՝ ավելի քան 5 հազար դոլարով: «Հետք»-ի այս բացահայտումից հետո էին իրավապահները քրեական գործ հարուցել, Դատախազությունն էր դիմել դատարան, որ չեղյալ համարվի գործարքն ու շենքը փոխանցվի հետ՝ պետությանը: Դատախազությունը շարունակում է պնդել՝ ժամկետ չի խախտել, ավելին՝ քաղաքային իշխանության ու Սուքիասյանների միջև կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու հիմքերի մասին տեղեկացել է միայն 2023 թվականին՝ փորձագետի եզրակացությունից հետո:
«Կարող ենք ասել, որ Դատախազության կողմից, եթե իհարկե ակտը էսպես մնա, Վճռաբեկով էլ ուժի մեջ մտնի, էդ դեպքում արդեն Դատախազության կողմից պրակտիկայի ոչ միանշանակ ու սխալ կիրառման հետևանք կարա լինի էս ակտը: Արդեն դիտավորությունը ինչ մակարդակի է՝ արդեն դա հետագայում պետք է այլ մակարդակներով ստուգվի, այդ թվում՝ եթե քաղաքական ինչ-որ հարց կա, պայմանավորվածություններ են, կամ դատախազի կողմից անփութություն է՝ դա արդեն իսկ այլ վարույթների շրջանակում և այլ մակարդակներում պետք է այդ հարցերով զբաղվեն», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի իրավաբան, ավելի քան չորս տարի դատախազ աշխատած Միհրան Բուլղադարյանը:
Բուլղադարյանը չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանի թիմակցի գործոնը կարող էր ազդել Դատախազության գործողությունների վրա. - «Չեմ բացառում, որ այդպիսի ֆակտորը, այդպիսի բան կարա լինի, բայց ամեն դեպքում էս մասում հաստատ էդպիսի դիրքորոշում հայտնելու համար ավելի ճիշտ կլինի, որ ընդհանրապես մոնիթորինգ արվի՝ նմանատիպ գործերով Դատախազության կողմից էլի արդյոք սենց խնդիրներ եղել է՞, թե՞ չէ»:
Բայց նախկին դատախազի համար թե՛ առաջին ատյանի և թե՛ Վերաքննիչ դատարանների դիրքորոշումներն ավելի ամուր ու հիմնավոր են, քան՝ նույն Դատախազության պատճառաբանությունը:
Վերաքննիչ դատարանը գրել է, որ այս հարցով քրեական գործը հարուցվել է դեռ 2022 ին, ու Դատախազությունն ակնհայտորեն իմացել է այդ մասին, բայց մեկ տարի անց է միայն դիմել դատարան՝ բաց թողնելով ժամկետը: Քննչական կոմիտեից փոխանցեցին՝ դեռ քննում են, որ պարզեն՝ արդյո՞ք ներկայիս նախագահ, այն ժամանակ քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի օրոք իսկապես պաշտոնական անփութություն է եղել:
Ընդ որում, երեք տարվա քննությունից հետո էլ մեղադրյալներ չկան: Ըստ իրավապահների՝ տարածքն օգտագործման իրավունքով է տրվել Սուքիասյաններին, այսինքն՝ սեփականության իրավունքով փոխանցվելու մասին որոշում չի եղել, հետևաբար՝ սեփականաշնորհումն ապօրինի է:
2011 թվականին պատգամավորի հայրը՝ Ալբերտ Սուքիասյանը, հպարտանում էր մայրաքաղաքի սրտում գտնվող 1870-ին կառուցված շինությանը նոր տեսք տալու իր ջանքերով:
Գլխավոր դատախազությունը «Սիլ պլազա»-ի շենքը պետությանը վերադարձնելու ջանքերը սպառված չի համարում. դիմելու են նաև Վճռաբեկ դատարան: