Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը նորից դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից, կրկին՝ նույն պատճառներով


Ամերիկան ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս է գալիս և գումարն էլ կտրում՝ արդեն երրորդ անգամ: Միջազգային այս կազմակերպությունը միայն Ամերիկայում տասնյակ հուշարձան ու տարածք է պահպանում՝ ներառյալ Ազատության արձանը:

Ինչո՞ւ է աշխարհի ամենահզոր երկիրը լքում մի կառույց, որի հիմնադիրներից ու գլխավոր ֆինանսավորողներից է եղել տասնամյակներ շարունակ:

1945-ին՝ Երկրորդ աշխարհամարտի սարսափներից հետո, ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, եկավ միջազգային համագործակցությամբ խաղաղություն խթանելու: Հիմա մոտ 200 երկիր է անդամակցում կառույցին, որը պահպանում է 1248 պատմական կոթող՝ աշխարհի 170 երկրում. ի դեպ, նաև Հայաստանում՝ Հաղպատը, Սանահինը, Զվարթնոցի տաճարի հնավայրը և ոչ միայն:

Բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ԱՄՆ հարաբերությունները բարդ փուլեր ու մի քանի բաժանում են ունեցել. առաջինը 1984-ին էր՝ Ռոնալդ Ռեյգանի օրոք՝ Սառը պատերազմի տարիներին։ Այդ ժամանակ արդեն կազմակերպությանն անդամակցող երկրների թիվը1945-ի համեմատ ավելի քան քառապատկվել էր, ինչից Ամերիկայում այնքան էլ գոհ չէին։

«Երկրները, որ ձայնի իրավունք ունեն, անդամավճարը չեն մուծում, իսկ ովքեր մուծում են՝ ձայնի իրավունք չունեն»,-այն ժամանակ բողոքել էր ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը։ Բայց կար նաև այլ՝ խորքային պատճառ՝ Վաշինգտոնում դժգոհ էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այսպես ասած, հակաիսրայելական կողմնորոշումից:

Ավելի քան քառասուն տարի անց՝ այսօր, Թրամփի վարչակազմը գրեթե նույն պատճառներով է հեռանում:

Ի դեպ, Թրամփը արդեն երկրորդ անգամ է նման քայլի գնում, 2018-ին՝ նրա առաջին պաշտոնավարման ժամանակ էլ Ամերիկան ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս եկավ։ 2023-ին դեմոկրատ Բայդենի վարչակազմը որոշեց վերականգնել անդամակցությունը և վճարել 600 մլն դոլարի պարտքը՝ փաստելով՝ երբ Ամերիկան առաջնորդությունը զիջում է, դրանից օգտվում են Չինաստանն ու ռազմավարական այլ մրցակիցներ։

Ընդհանրապես, ԱՄՆ-ՅՈՒՆԵՍԿՕ հարաբերություններում պարբերաբար փողի թեման պտտվել է. Միացյալ Նահանգներում հաճախ պնդում են, որ բազմանդամ այս ընտանիքում իրենք ավելի շատ ներդրում են անում, քան օգուտ ստանում:

Կարմիր թելի պես նաև մի ուրիշ թեմա է անցել՝ Պաղեստինի հարցը. ԱՄՆ կողմից չճանաչված պետությունը 2011-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է, իսկ սա ԱՄՆ-ում «խիստ խնդրահարույց» են համարում ու շարունակում պնդել՝ կազմակերպությունը հակաիսրայելական հռետորաբանություն է տարածում:

2026-ից արդեն, այս բողոքները չեն լինի՝ Ամերիկան պաշտոնապես ու կրկին ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս կգա։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն միջազգային միակ կառույցը չէ, որից ԱՄՆ-ը հեռանում է. Թրամփի վարչակազմը, որ ամերիկացիներին խոստանում է ամենուր և ամենից առավել նախ Միացյալ Նահանգների շահերը պաշտպանել, մինչ այդ էլ ապահարզանի թղթեր էր ուղարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, դադարեցրել ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող մարդասիրական մի շարք ծրագրեր, նաև կլիմայի փոփոխությունների դեմ Փարիզյան համաձայնագրերից դուրս եկել։

ՅՈՒՆԵՍԿՕ-ից արդեն հայտարարել են՝ ցավում են ԱՄՆ որոշման համար, բայց պատրաստվել են, բյուջեն՝ կրճատել, որ առանց ամերիկյան ֆինանսավորման էլ դիմանան։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG