Հայաստանում այսօր մեկնարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր 2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը:
Այն կանցկացվի մինչև օգոստոսի 20-ը:
Պաշտպանության նախարարությունից ավելի վաղ հաղորդել էին, որ զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ:
«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը», - նշել էր պաշտպանական գերատեսչությունը:
«Արծիվ գործընկեր» զորավարժությունն արդեն երրորդ տարին անընդմեջ է անցկացվում Հայաստանում: