Ինչպե՞ս է աշխարհն արձագանքում Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին և Հայաստանի հանձնառությանը՝ Սյունիքով անխոչընդոտ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին դեպի իր էքսկլավ Նախիջևան:
Իրանը, որ մշտապես դեմ է արտահայտվել սահմանակից Սյունիքում ցանկացած փոփոխություն, ողջունել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, միաժամանակ մտահոգություն հայտնել.
«Իրանը մտահոգություն է հայտնում ցանկացած արտաքին միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ, հատկապես իր ընդհանուր սահմանների մոտ, որոնք կարող են խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը», - հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը:
Թեհրանն ընդգծել է՝ հաղորդակցության ուղիների ստեղծումը և ապաշրջափակումը կնպաստեն կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը միայն, եթե դա իրականացվի փոխադարձ շահի, ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու դեպքում՝ առանց արտաքին միջամտության։
Շատ ավելի կոշտ է արտահայտվել Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդականը: Չնայած հայկական կողմի հավաստիացումներին, որ Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը միջանցք չէ, գործելու է Հայաստանի ինքիշխանության ներքո, Ալի Աքբար Վելայաթին սպառնացել է՝ Իրանը «կկանխի ամերիկյան միջանցքի կառուցումը Կովկասում՝ Ռուսաստանի հետ կամ առանց դրա», քանի որ այն, ըստ նրա, սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, տեղաշարժում է սահմանները և նախատեսված է Հայաստանը մասնատելու համար։
Անդրադառնալով նրան, որ ԱՄՆ-ն այս անցուղին վարձակալում է 99 տարով, Վելայաթին ասել է, որ այն չի դառնա Թրամփի սեփականությունը հանդիսացող միջանցք, այլ՝ նրա «վարձակալների գերեզմանատուն»:
Թեհրանից բացի նաև Անկարան է օգտագործում միջանցք տերմինը՝ ավելին՝ «Թրամփի ուղին» դարձյալ կոչելով «Զանգեզուրի միջանցք»: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ երեկ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի զրույցի հիմնական թեման եղել է՝ «Զանգեզուրի միջանցքը»։ Նախարարն ասել է, որ «եթե «Զանգեզուրի միջանցքի» իրենց ռազմավարությունը կյանքի կոչվի, ապա այդ ճանապարհը «թյուրքական աշխարհը կկապի Եվրոպայի հետ՝ Թուրքիայի միջոցով»։
Ադրբեջանի դաշնակից Թուրքիան երեկ առաջիններից մեկը ողջունեց Ամերիկայի միջնորդությամբ Երևանի ու Բաքվի միջև ստորագրված համաձայնագիրը:
Մոսկվայից հայտնել են՝ դեռ վերլուծում են ապաշրջափակմանը վերաբերող վաշինգտոնյան հայտարարությունները: Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի պնդմամբ՝ նախորդ տարիներին Ռուսաստանի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները դեռ ակտուալ են, քանի որ կողմերից որևէ մեկը դրանցից չի հրաժարվել»։
Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների տեսանկյունից հարկավոր է նաև հաշվի առնել Հայաստանի ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքին մաս կազմելու գործոնը: Այդուհանդերձ, Զախարովան ընդգծել է՝ Մոսկվան դրական է գնահատում վաշինգտոնյան հանդիպումը և հույս ունի,որ այն կնպաստի խաղաղության հաստատմանը:
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչն «Ազատության» ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե Ռուսաստանին վստահաբար դուր չի գալիս Հարավային Կովկասում ԱՄՆ դերի մեծացումը: Նա նաև չի կարծում, թե Ռուսաստանը հրաժարվել է այս տարածաշրջանում իր դերից:
«Ռուսները մինչև այս պահը շատ հստակ ասել են, որ խաղաղության համաձայնագրի հարցում առաջընթաց չի կարող լինել, եթե դա Ռուսաստանի հովանու ներքո չի արվում»,- ասում է նախկին դեսպանը:
Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Լորենս Բրոերսն էլ «Ազատության»-ը տված մեկնաբանությունում նշում է, որ Ռուսաստանն ու Իրանը Կովկասում ունեն բազմաթիվ լծակներ, որ կարող են օգտագործել: Ըստ նրա՝ Ռուսաստանը մինչ այս դեմ է եղել նման գործարքին և կարելի է ակնկալել, որ հետագայում ևս թշնամանք կարտահայտի Թրամփի ճանապարհի նկատմամբ:
Արևմուտքը ողջունում է
Երեկվա պայմանավորվածությունները ողջունել է Ֆրանսիան՝ խոստանալով, որ կշարունակի ակտիվորեն աջակցել խաղաղության գործընթացին: Երկրի արտգործնախարարության հայտարարությունում ասվում է. - «ԱՄՆ աջակցությամբ գրանցած արդյունքները կարևոր քայլ են՝ դեպի առաջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումն ու վավերացումը կամբողջացնի այս գործընթացը»։
Ողջունել է նաև Եվրոպական միությունը: Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարությունում նշվում է, որ սա կարևոր զարգացում է, որը ճանապարհ է հարթում դեպի երկարատև, կայուն խաղաղություն թե՛ երկու երկրների, թե՛ ողջ տարածաշրջանի համար։ Ըստ նրանց՝ այժմ կարևոր է, որ ժամանակին անհրաժեշտ քայլերը կատարվեն՝ ապահովելու հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ կայուն և անխափան առաջընթացը։
ԵԱՀԿ-ն, որին Հայաստանն ու Ադրբեջանը երեկ Վաշինգտոնից համատեղ դիմում էին հղել՝ լուծարելու Արցախի խնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը, ևս ողջունել է փաստաթղթի ստորագրումը՝ նշելով, որ պատրաստ է նպաստել օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջական կատարմանը: Վրաստանի վարչապետը ևս ողջունել է փաստաթղթի ստորագրումը՝ նշելով, որ սա պատմական պահ է տարածաշրջանի և ողջ աշխարհի համար:
Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով խորհրդատու Քոնուլ դե Մուրն «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է, որ շատ դրական նշան է, որ երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնում են՝ աշխատելու խաղաղության ուղղությամբ, իսկ փաստաթուղթը կարելի է դիտարկել որպես այդ գործընթացի սկիզբ։ Այնուամենայնիվ, որոշ ասպեկտներ, ըստ նրա, մնում են անորոշ, օրինակ՝ արդյոք դա նույն միջանցքն է, որն Ադրբեջանը պահանջում էր, կամ ի՞նչ կարգավորումներ են գործելու, ինչպե՞ս են բացվելու սահմանները և այլն:
«Համաձայնագրի կնքման մեկ այլ խոչընդոտ է Ադրբեջանի պահանջը՝ փոփոխություններ կատարելու Հայաստանի Սահմանադրությունում, քանզի Բաքուն քանիցս հստակ հայտարարել է, որ համաձայնագիրը չի ստորագրվի, քանի դեռ այդ հարցը չի լուծվել»,- ընդգծում է փորձագետը: