Մատչելիության հղումներ

Վարչապետի խոսնակը հերքում է «միջանցքային» լուծումներին Հայաստանի համաձայնելու մասին պնդումները


Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում, հայտարարում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ և առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16–ի իր ասուլիսում։ Որևէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող», - նշել է Բաղդասարյանը։

Ամերիկյան Axios-ը պնդել էր, թե Թրամփի վարչակազմի հետ բանակցություններում Հայաստանը հրաժարվել է միջանցքի հարցում իր տևական դիմադրությունից։

«Հայաստանը համաձայնել է թույլ տալ, որ իր տարածքով անցնող 43.5 կմ միջանցքը զարգացվի ԱՄՆ-ի կողմից և կոչվի «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար», - գրում է ամերիկյան պարբերականը, հավելելով, - «ամերիկացիներն այս նոր առևտրային ուղուց տարեկան միլիարդավոր դոլարներ կշահեն։ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կորցնում են իրենց ազդեցությունը տարածաշրջանում, որը իրենց սեփականն էին համարում»։

Politico-ն էլ, հղում անելով ամերիկացի երեք բարձրաստիճան պաշտոնյաների, գրել է. «Հայաստանը համաձայնել է 99 տարով ԱՄՆ-ին տրամադրել Զանգեզուրի միջանցքի զարգացման բացառիկ իրավունքը: ԱՄՆ-ն հողը ենթավարձակալության կհանձնի մի կոնսորցիումի, որը կզարգացնի երկաթուղային, նավթային, գազի, օպտիկամանրաթելային, ինչպես նաև հնարավոր է, էլեկտրաէներգիայի փոխանցման գծերը՝ միջանցքի երկայնքով»:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG