Երևանը պաշտոնապես հաստատում է Վաշինգտոնում սպասվող Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման մասին լուրը:
Կառավարությունից հայտնում են, որ օգոստոսի 7-8-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ։ Վաշինգտոնում Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ «միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը»։
Հանդիպման մասին առաջին տեղեկությունները շրջանառվեցին շաբաթասկզբին ադրբեջանական մամուլում։ Նախօրեին էլ մերձավորարևելյան զարգացումները լուսաբանող Middle East Eye կայքի թուրք մեկնաբան Ռագիփ Սոյլուն էր այդ մասին հոդված հրապարակել։ Այս բանակցությունների մասին երեկ հաղորդել է նաև Washington post-ը:
Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու պայմանով, Washington post-ին ասել է, որ Թրամփի հետ հանդիպմանը հնարավոր է՝ հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։ Արդյոք ենթադրվում է, որ կողմերը կստորագրեն ամիսներ առաջ համաձայնեցված խաղաղության պայմանագիրը, թե խոսքը միայն բանավոր հայտարարության մասին է, Washington post-ը չի հստակեցնում։
Մերձավորարևելյան հարցերով ամերիկացի վերլուծաբան Մայքլ Սքոթ Դորանն էլ X-ում հրապարակել է հանդիպումների ժամանակացույցը։ Ըստ այդմ, նախագահ Թրամփը այս ուրբաթ՝ Վաշինգտոնի ժամանակով 2:30 կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ, 50 րոպե անց` Ադրբեջանի նախագահի, ապա հայտարարությամբ հանդես կգա երկու երկրների ղեկավարների ներկայությամբ։