Մատչելիության հղումներ

Առանց GPS-ի ու ինքնավար. Չեխիան նոր տեսակի անօդաչուներ է մատակարարում Ուկրաինային


Czech Republic Ukraine
Czech Republic Ukraine

Չեխիան մշակել է անօդաչու թռչող սարք, որը չի պահանջում արբանյակային նավիգացիա կամ օպերատորի հետ կապ: Տեխնոլոգիան արդեն մատակարարվում է Ուկրաինայի զինված ուժերին, տեղեկացնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» հեռուստաալիքը:

Ռուսական բանակի էլեկտրոնային պայքարի համակարգերի պատճառով սովորական անօդաչուները ռազմաճակատում ավելի ու ավելի քիչ արդյունավետ են դառնում: Իսկ Ուկրաինայում մոլեգնող պատերազմի պարագայում, որտեղ երկինքը հեղեղված է խլացուցիչներով ու էլեկտրոնային պայքարի սարքավորումներով, կապից կախվածություն չունեցող սարքերը դարձել են անհրաժեշտություն։

Նոր համակարգը կոչվում է MTS: Անօդաչուն արձակվում է գետնից` օպերատորի միջոցով, բայց երբ սարքն արդեն օդում է, կառավարումը փոխանցվում է ներկառուցված արհեստական բանականությանը: Տեսախցիկներն ու սենսորները վերլուծում են տեղանքը և կողմնորոշվում թվային քարտեզների միջոցով։ Այս ամենն աշխատում է առանց GPS-ի, առանց կապի և առանց ռիսկի, որ սարքը կարող է էլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցությանը ենթարկվել։

«Այսօր էլեկտրոնային պայքարի հզոր միջոցներ են կիրառվում ուկրաինական մարտադաշտում, որտեղ ռուսական կողմն օգտագործում է ազդանշանների խլացման և փոխարինման հզոր միջոցներ: Հետևաբար, բոլոր համակարգերը, որոնք կախված են օպերատորների հետ կապից կամ GPS-ից և արբանյակային նավիգացիայից, պարզապես արդյունավետ չեն: Բայց սա չի վերաբերում MTS համակարգին»,- ասել է այս համակարգերը մատակարարող LPP Holding ընկերության ներկայացուցիչ Մարտինա Տաուբերովան:

Ընկերությունը վստահեցնում է, որ թռիչքին սարքի նախապատրաստումը և գործարկումը տևում է առավելագույնը երկու րոպե։ Սարքավորումները կոմպակտ են, գլխավորը անձնակազմի վերապատրաստումն է։ Արտադրությունն իրականացվում է փակ ռեժիմով։ Հավաքում են անօդաչուների ինչպես էլեկտրական, այնպես էլ ներքին այրման շարժիչով մոդելներ՝ կախված առաջադրանքներից։

«Մինչ օրս մենք Ուկրաինա ենք մատակարարել այս համակարգերից մի քանի հարյուրը և նախատեսում ենք շարունակել մատակարարումը ռազմի դաշտ, քանի դեռ դա անհրաժեշտ կլինի»,- հավելել է Տաուբերովան։

Ընկերությունը չի բացահայտում, թե ռազմաճակատի որ հատվածներում են օգտագործվում իր անօդաչուները։ Սակայն ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ուկրաինական կողմի արձագանքը ցույց է տալիս, որ տեխնոլոգիան աշխատում է, այսինքն՝ այսպիսի մշակումների պահանջարկը կաճի։

Մանրամասները կարող եք դիտել «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» հեռուստաալիքի ռեպորտաժում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG