Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի լույս 29-ի գիշերը հինգ շրջաններում, այդ թվում՝ Ռոստովի մարզում, 74 անօդաչու թռչող սարք է խոցվել։
Ռոստովի մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կամենսկ-Շախտինսկոյե, Սալսկ, Վոլգոդոնսկ, Բոկովսկի և Տարասովսկի շրջանների վրա։ Սալսկում երկաթուղային կայարանում հրդեհ է բռնկվել, ուղևորատար գնացքը տեղափոխվել է անվտանգ հեռավորության վրա, իսկ ուղևորները տարհանվել են։
«Ռուսական երկաթուղիներ»-ը հայտնել է, որ մոտավորապես ժամը 02:00-ին կայարանի վրա ԱԹՍ-ի բեկորներ են ընկել, ինչի հետևանքով կայարանում կոնտակտային ցանցի աշխատանքը խափանվել է։ Հրդեհ է բռնկվել նաև բեռնատար գնացքում, և կայարան են ուղարկվել հրշեջներ՝ հրդեհը մարելու համար։
Սալսկի կայարանով գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր, այժմ վերականգնվել է: Դաշնային ուղևորափոխադրող ընկերության տվյալներով՝ Սալսկի կայարանում ուշացել է ինը գնացք, մասնավորապես՝ Նովոկուզնեցկից, Եկատերինբուրգից, Չելյաբինսկից, Կազանից և Անապայից: «Ռուսական երկաթուղիներ»-ը հայտնել է, որ «օգտագործում են բոլոր հնարավորությունները՝ գնացքների ուշացման ժամանակը նվազագույնի հասցնելու համար»:
Սալսկի Օստրովսկի փողոցում վնասվել է մեքենա, վարորդը մահացել է, իսկ Սոցիալիստական փողոցում վնասվել է տան տանիք, կոտրվել են ապակիները։