Մատչելիության հղումներ

Ռուսաստանում վթարի է ենթարկվել Ան-24 ինքնաթիռը. ըստ ԶԼՄ-ների՝ բոլոր ուղևորները զոհվել են


Ամուրի մարզում վթարի է ենթարկվել Ան-24 ուղևորատար ինքնաթիռը: Ըստ ռուսաստանյան պաշտոնական աղբյուրների՝ օդանավում 49 մարդ է եղել, բոլորը զոհվել են։

«Անգարա» ավիաընկերության ինքնաթիռը թռիչք էր իրականացնում Խաբարովսկից դեպի Բլագովեշչենսկ և այնուհետև Տինդայի ուղղությամբ։ Այն Խաբարովսկի օդանավակայանից մեկնել է ըստ սահմանված ժամանակացույցի՝ տեղական ժամանակով ժամը 07:36-ին։

Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ անձնակազմը թռիչքի ընթացքում որևէ խնդրի մասին չի հայտնել։ Տինդայում ինքնաթիռը առաջին փորձից չի կարողացել վայրէջք կատարել և կրկին շրջանցել է ուղղությունը, որից հետո խզվել է կապը։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ օդանավի բեկորները հայտնաբերվել են Տինդայից 15 կիլոմետր հեռավորության վրա։

«Ինքնաթիռը ոչնչացվել է»,- գործակալությունը մեջբերում է փրկարարական ծառայության ներկայացուցչին։

ՏԱՍՍ-ը, հղում անելով Ամուրի մարզի նահանգապետ Վասիլի Օրլովին, նշում է, որ ինքնաթիռում եղել է 43 ուղևոր, այդ թվում՝ 5 երեխա և անձնակազմի 6 անդամ։ Նախնական տվյալներով՝ բոլորը մահացել են։

Ան-24-ը հայտնաբերվել է լեռան լանջին։ Վթարի պատճառների մասին պաշտոնական վարկածներ այս պահին դեռևս չկան։ ՏԱՍՍ պետական գործակալությունը նշում է, որ վթարի ենթարկված օդանավն արտադրվել է շուրջ 50 տարի առաջ, և դրա թռիչքային պիտանիության վկայականը երկարաձգվել է մինչև 2036 թվականը։
The Insider-ը հիշեցնում է հունվարին հրապարակված Reuters-ի հոդվածը, որի համաձայն՝ «Անգարա» ընկերության գործադիր տնօրենը խնդրել է թույլատրել թռիչքները Ան-24 և Ան-26 ինքնաթիռներով՝ նոր սարքավորումների բացակայության պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG