Մատչելիության հղումներ

Կարապետյանները հայտնում են «հրատապ արբիտրաժում» հաղթելու մասին. կառավարությունն արձագանքում է


Միլիարդատեր Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը տեղեկացնում է ՀԷՑ-ը պետականացնելու գործով Հայաստանի դեմ «հրատապ արբիտրաժում» հաղթելու մասին:

Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի կառավարության և Կիպրոսի կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը, ըստ Կարապետյանների, մասնակցել է նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչը։

Ըստ Կարապետյանների հաղորդագրության՝ հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանին ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

«Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի Հայաստանի Հանրապետության գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։ Արբիտրաժը նաև նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։», - ասված է հայտարարության մեջ։

Հայաստանի կառավարությունը, որն օրերս ժամանակավոր կառավարիչ նշանակեց ՀԷՑ-ում, արձագանքելով, հայտարարում է՝ «հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը»:

Ըստ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:

«Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը», - նշված է հաղորդագրությունում::

«Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ եկեղեցուն պաշտպանող հարցազրույցից հետո վարչապետը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ պետականացնելու են ՀԷՑ-ը: Երկու շաբաթվա ընթացքում նրա ղեկավարած ուժը մշակեց օրենսդրական փոփոխություն, որը հնարավորություն է տալիս գործադիրին վերցնել ՀԷՑ-ի կառավարումը: Խորհրդարանն արտահերթ կարգով ամբողջությամբ ընդունեց նախագիծը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG