Մատչելիության հղումներ

Թրամփի վարչակազմը գաղտնազերծել է Մարտին Լյութեր Քինգի սպանության հետ կապված արխիվային փաստաթղթերը


Մարտին Լյութեր Քինգը, արխիվ
Մարտին Լյութեր Քինգը, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գաղտնազերծել է արխիվային փաստաթղթեր, որոնք առնչվում են սևամորթ ամերիկացիների իրավունքների համար պայքարող Մարտին Լյութեր Քինգի սպանությանը, որը տեղի է ունեցել 1968 թվականի ապրիլին։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Գաղտնազերծվել է ավելի քան 240 հազար էջ փաստաթուղթ, որոնք 1977 թվականին ՀԴԲ-ն փոխանցել էր Ազգային արխիվների և փաստաթղթերի վարչության։ Դրանց մեջ ընդգրկված են Քինգի սպանությունից հետո ստացված տեղեկություններ, ինչպես նաև տվյալներ նրա մասնակցության մասին միջազգային շարժումներին, որոնք պայքարում էին աղքատության դեմ և հանդես էին գալիս պատերազմի դեմ։

Associated Press-ը նշում է, որ դեռ պարզ չէ՝ արդյոք այդ փաստաթղթերում նոր տեղեկություններ կա՞ն Քինգի կյանքի, նրա մասնակցության վերաբերյալ քաղաքացիական իրավունքների շարժմանը կամ նրա սպանությանը։

Հրատարակության տվյալներով՝ Մարտին Լյութեր Քինգի ընտանիքը նախապես ստացել է փաստաթղթերին ծանոթանալու հնարավորություն։ Նրա երկու երեխաները՝ 67-ամյա Մարտին III-ը և 62-ամյա Բերնիսը, հայտարարություն են տարածել, որում նշել են, որ իրենց հոր սպանությունը տասնամյակներ շարունակ գրավել է «լուրջ հանրային հետաքրքրություն»։

Նրանք ընդգծել են գործի անձնական բնույթը և կոչ արել, որ ֆայլերը դիտարկվեն իրենց «ամբողջական պատմական համատեքստում»։

Բացի այդ, Քինգի երեխաները կրկնել են ընտանիքի հին պնդումը, որ Ջեյմս Էրլ Ռեյը՝ իրենց հոր սպանության համար դատապարտված անձը, «միակ պատասխանատուն չէր, եթե ընդհանրապես պատասխանատու էր»։

39-ամյա Մարտին Լյութեր Քինգը սպանվել է 1968 թվականի ապրիլի 4-ին՝ գլխին կրակելու հետևանքով Մեմֆիս քաղաքի (Թենեսի նահանգ) հյուրանոցի պատշգամբում։ Նա գիտակցության չգալով մահացել է նույն օրը։ Նրա սպանության մեջ մեղադրվող Ջեյմս Էրլ Ռեյը դատապարտվել է 99 տարվա ազատազրկման։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG