Մատչելիության հղումներ

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները բարդ շրջան են ապրում, բայց Մոսկվայում հույս ունեն, որ կհարթվի. Պեսկով


Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բարդ շրջան են ապրում, բայց Մոսկվայում հույս ունեն, որ կհարթվի, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ամուր հիմք իսկապես կա։ Կա շահերի համընկնում երկու երկրների միջև, կա փոխշահավետ համագործակցություն, որը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, բայց երբեմն պատահում է, որ երկու երկրների միջև հարաբերություններում դժվար շրջաններ են լինում։ Այժմ նման շրջաններից մեկն է, որը հուսով ենք, կանցնի», - ասել է Պեսկովը՝ պնդելով, որ Ռուսաստանի համար կարևոր է, որպեսզի Ադրբեջանում հարգեն ռուսներին։

Կրեմլի խոսնակն արձագանքել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Բաքուն մտադիր է օդանավի խոցման հարցով միջազգային դատական ատյաններ դիմել։

«Դա Ադրբեջանի իրավունքն է։ Մենք կսպասենք ընթացող բոլոր վեճերի և հետաքննությունների պաշտոնական դատավճիռներին», - ասել է Պեսկովը։

Անցած օրերին Ալիևը պնդել է, թե Ադրբեջանը այդ ողբերգության մասին չի մոռանա, քանի դեռ «մեղավորները չեն ընդունել իրենց մեղքը, չեն պատժել պատասխանատուներին և փոխհատուցում չեն վճարել զոհերի ընտանիքներին, վիրավորներին, ինչպես նաև AZAL-ին՝ ինքնաթիռի կորստի համար»։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG