Սիրիայի իշխանությունները տարհանում են մեծամասամբ դրուզներով բնակեցված Սուեյդա քաղաքի բեդվին բնակչությանը, այս մասին հայտնում է «Ֆրանս պրեսս»-ի տեղի թղթակիցը, ինչպես նաև սիրիական պետական լրատվամիջոցները։
Բեդվինների տարհանումը տեղի է ունենում Սուեյդայում ուժի մեջ մտած հրադադարի ֆոնին, որը պետք է վերջ դնի շուրջ 1100 մարդու կյանք խլած բեդվինների և դրուզների միջև վերջին օրերի արյունալի բախումներին։
Հրադադարի շուրջ պայմանավորվածության մասին հաղորդվեց Միացյալ Նահանգների հայտարարությունից հետո, ըստ որի Սիրիայի կառավարությունն ու սիրիաբնակ դրուզներին աջակցող Իսրայելը համաձայնել են դադարեցնել կրակը։
Սիրիայի փոքրամասնությունների միջև բախումների ֆոնին անցած շաբաթ իսրայելական ուժերը ծանր հարվածներ են հասցրել ինչպես սիրական կառավարական բանակի դիրքերին, այնպես էլ մայրաքաղաք Դամասկոսին՝ թիրախավորելով պետական շենքերը։