«Ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում», - լրագրողներ հետ զրույցում հայտարարեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում, կոնկրետ անձինք, որոնց ղեկավարման արդյունքում Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը, որը ավելի քան 3 միլիոն բնակչի կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդեցություն ունի, շուրջ 1.1 միլիոն պաշտոնական բաժանորդ ունի, հասցրել են այս վիճակին, որ պետությունը ստիպված է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել», - ասաց Պետրոսյանը:
Ռոմանոս Պետրոսյանն, անդրադառնալով ՀԷՑ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի վերաբերյալ հարցին, ընդգծեց՝ «Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, որովհետև ՀԷՑ-ն այս վիճակին հասցնողներից մեկը այդ նույն պաշտոնյան է»:
Հարցին՝ արդյոք պետությունը կարո՞ղ է երաշխավորել, որ էլեկտրաէներգիայի գինն առաջիկա 2 տարում չի բարձրանա, Պետրոսյանը պատասխանեց. - «Չեմ կարող երաշխավորել, թե սակագինը որ ուղղությամբ կգնա, բայց այն բխելու է բացառապես օբյեկտիվ, իրական, իրավական այն ցուցանիշներից, որոնք տեսնելու ենք ՀԷՑ-ի գործունեության մեջ»:
Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից շաբաթներ անց՝ հուլիսի 18-ին նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ: ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը ՔՊ-ական Պետրոսյանի նշանակումից հետո վստահեցրել էր՝ իրենք շարունակելու են աշխատել, այդպիսով նաև սեփականատիրոջ իրավունքները պաշպանելով: