Իսրայելը և Սիրիան համաձայնության են եկել Սուեյդայում հրադադարի շուրջ, X-ի իր էջում գրել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը:
«Իսրայելի վարչապետ Նեթանյահուն և Սիրիայի նախագահ ալ-Շարաան, ԱՄՆ-ի աջակցությամբ, հրադադարի շուրջ համաձայնության են եկել, որը ողջունել են Թուրքիան, Հորդանանը և տարածաշրջանի մյուս հարևանները։ Կոչ ենք անում դրուզներին, բեդվիններին և սուննիներին վայր դնել զենքերը և մյուս փոքրամասնությունների հետ միասին կառուցել նոր ու միասնական սիրիական ինքնություն», - նշել է նա։
Սիրիայում կիրակի օրը արյունալի բախումներ էին սկսվել դրուզ փոքրամասնության ու տեղական ջոկատների միջև: Իսրայելը, որն իրեն Մերձավոր Արևելքում բնակվող դրուզ փոքրամասնության գլխավոր պաշտպան է հռչակել, Սիրիայի դեմ հարձակման դիմեց Սուեյդայում բռնկված ռազմական գործողություններին ի պատասխան։ Հուլիսի 14-ին Դամասկոսից հարավ բնակվող դրուզների և բեդվինների միջև ծագած բախումներին արագորեն միջամտել էին կառավարական ուժերը՝ ընդդեմ դրուզների։ Երեքշաբթի օրը տեղեկություններ ի հայտ եկան դրուզ խաղաղ բնակչության դեմ կառավարական ուժերի կողմից կիրառվող բռնությունների և նվաստացումների մասին։