Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում, արձագանքելով Թուրքիայում ԱՄՆ դեսպանին՝ հայտարարել է վարչապետ Փաշինյանի խոսնակը:
Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ին մասնավորապես ասել է. - «Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը»:
Ամերիկացի դիվանագետն ավելի վաղ ասել էր, թե Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։
«Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է վիճում են 32-կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ Եվ ահա թե ինչ է տեղի ունենում։ Միացյալ Նահանգները գալիս է և ասում. - «Շատ լավ, մենք վերցնում ենք այն։ Տվեք մեզ վարձակալությամբ այդ 32-կիլոմետրանոց ճանապարհը և բոլորով օգտվեք դրանից», - ասել էր ամերիկացի դիվանագետը։
Անդրադառնալով ճանապարհի վարձակալությանը՝ վարչապետի խոսնակը ասել է. - «Հողի վարձակալությանը` ՀՀ օրենսդրությամբ նման ինստիտուտ գոյություն ունի միայն գյուղատնտեսական նշանակության հողերի համար, որոնց վրա գյուղատնտեսական գործունեություն է ծավալվում։ Հետեւաբար ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ»:
«Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: ՀՀ տարածքի որեւէ հատված չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավազորությունից դուրս», - նշել է Նազելի Բաղդասարյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի այն դիտարկմանը, թե միգուցե ԱՄՆ դեսպանը նկատի է ունեցել ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումը։