Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորման որոշումը:
Հայ առաքելական եկեղեցին համարում է, որ այդ որոշումն «ուղղակի հետևանքն էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի»:
«Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի։ Միքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում և դրսևորում անձնական վրեժխնդրության իրեն քրիստոնյա և Հայ Եկեղեցու զավակ նկատող մի անձի, ով նախօրեին իրավապահ մարմինների ուժերին հրահանգեց պաշարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ պախարակելի, աննախադեպ ոտնձգություն կատարելով համայն հայության հոգևոր կենտրոնի, եկեղեցականների և հավատավոր ժողովրդի նկատմամբ»:
Էջմիածնից դատական համակարգին և պատկան մարմիններին հորդորել են գործել օրինականության դաշտում և անհապաղ ազատ արձակել Միքայել արքեպիսկոպոսին:
Շիրակի թեմի առաջնորդը մեղադրվում է զանգվածային լրատվամիջոցներով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով՝ 2024 թվականին հրապարակված մի հարցազրույցի հետքերով: Բարձրաստիճան հոգևորականը մեղադրանքը չի ընդունում: