Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն քննադատել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի՝ «Արևմտյան Ադրբեջանին» վերաբերող հայտարարությունները։
Իրանցի դիվանագետը նախօրեին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ միակ Արևմտյան Ադրբեջանը, որ գոյություն ունի, Իրանի հյուսիսում գտնվող համանուն նահանգն է։ Դեսպանի կեղծ հայտարարությունները նպատակ ունեն բավարարել Հայաստանի կարիքները, պնդել է պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը:
«Դեսպանի հայտարարությունները վտանգավոր են հատկապես այն պատճառով, որ հակասում են Իրանի Իսլամական Հանրապետության այն տեսակետին, որն արտահայտվել էր Ստամբուլում՝ արտգործնախարարների մակարդակով կայացած հավաքի ժամանակ։ Իսլամական համագործակցության կազմակերպության 57 անդամ պետությունները քվեարկել էին Արևմտյան Ադրբեջանի համայնքի մասին որոշման օգտին»,- նշել է Հաջիզադեն։
«Դեսպան Սոբհանիի պարբերական և համակարգված սադրիչ հակաադրբեջանական հայտարարությունների նպատակը Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների խաթարումն է», - պնդել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը: