ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հունիսի 22-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ հունիսի 21-ին ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված օդային հարվածները «հսկայածավալ վնաս» են հասցրել Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին՝ վկայակոչելով արբանյակային պատկերները։
«Ավերում բառը լիովին տեղին է», - գրել է նա սոցիալական ցանցում:
Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ Ֆորդոյի, Նաթանզայի և Սպահան քաղաքի օբյեկտների վրա հարձակումները «ամբողջությամբ և լիովին ոչնչացվել են»։
Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցնում Իրանի Քերմանշահ նահանգի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին:
Մի քանի ժամ առաջ էլ հայտարարվել էր, որ «ՑԱԽԱԼ»-ն իրականացրել է «հետախուզության վրա հիմնված հարվածներ»՝ Թեհրան, Քերմանշահ և Համեդան քաղաքների շրջանում՝ օգտագործելով ավելի քան 30 միավոր զինամթերք։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը հանդես են եկել առաջարկով, որ 15 անդամ ունեցող մարմինը ընդունի բանաձև Մերձավոր Արևելքում անհապաղ և առանց նախապայմանների հրադադարի վերաբերյալ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նիստի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանում իրականացված ռմբակոծությունները տարածաշրջանում վտանգավոր շրջադարձ են, և կոչ է արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ ու դեսպան Ամիր Սայիդ Իրավանին էլ հայտարարել է, որ Թեհրանը պահպանում է իր օրինական իրավունքը՝ ինքնապաշտպանվելու և պատասխանելու ԱՄՆ-ի և Իսրայելի բացահայտ ագրեսիային։
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել էր հրավիրել արտահերթ նիստ՝ կոչ անելով 15 անդամ ունեցող մարմնին քննարկել ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացրած «բացահայտ և անօրինական ագրեսիայի ակտը»։
Նիստի ընթացքում Իրավանին ընդգծել է, որ Իրանը գործում է ինքնապաշտպանության շրջանակներում, մինչդեռ «ԱՄՆ-ն աջակցում է ահաբեկչությանը տարածաշրջանում»։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում հայտարարել է, որ Վաշինգտոնն «ամբողջությամբ պատասխանատու է» Իրանի կողմից հնարավոր ցանկացած հակաքայլի համար՝ առանց հստակեցնելու, թե ինչ քայլերի մասին է խոսքը։
«Նրանք հատել են շատ մեծ կարմիր գիծ՝ հարվածելով միջուկային օբյեկտներին», - ասել է նա, - «Չեմ կարող ասել՝ արդյոք դիվանագիտության համար որևէ հնարավորություն մնացե՞լ է»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան գործողությունները նպատակ են ունեցել կանխել Իրանի՝ միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը։
Washington-ում տեղակայված Human Rights Activists կազմակերպությունը հայտնել է, որ հունիսի 13-ից ի վեր Իրանում օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 950 մարդ, որոնցից 380-ը՝ քաղաքացիական անձինք։ Իսկ իսրայելական կողմի տվյալներով՝ իրանական հարվածներից զոհվել է 24 մարդ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ կարող է ողջունել Թեհրանի կառավարությունը տապալելու հնարավորությունը:
Եթե Իրանի գործող ռեժիմը անկարող է կրկին Իրանը մեծ դարձնել, ապա «ինչո՞ւ չպետք է լինի ռեժիմի փոփոխություն», գրել է Թրամփը Truth Social հարթակում։
Թրամփի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը շեշտել էին, որ հունիսի 21-ի՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարվածների նպատակը բանակցված լուծման հասնելն էր, ոչ թե իսլամական ռեժիմի տապալումը։