Մատչելիության հղումներ

եթերում Օր 11-րդ. Իսրայել-Իրան հակամարտությունը շարունակվում է

13:36

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող միջնորդի դեր կատարել Մերձավոր Արևելքում ծավալվող հակամարտության հարցում: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր ժամանել է Մոսկվա Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար։

13:34

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանը պետք է ուղղակի բանակցություններ սկսի Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներից հետո, չնայած Եվրամիությունը շարունակում է պատրաստակամություն հայտնել միջնորդելու բանակցություններում։

«Իրանն ասում է, որ ցանկանում է բանակցել միայն Եվրոպայի հետ, և մենք դա համարում ենք լավ ազդանշան, բայց միաժամանակ ասում ենք՝ դա բավարար չէ։ Մենք ուզում ենք, որ նաև Միացյալ Նահանգները ներգրավված լինի», – ասել է Վադեպֆուլը Բրյուսելում հունիսի 23-ին՝ ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ։

13:31

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը զգուշացում է հրապարակել, ըստ որի՝ ներկայումս «հայրենիքի դեմ ուղղված կոնկրետ ու վստահելի սպառնալիքներ չկան», սակայն ողջ երկրի տարածքում առկա է «բարձր սպառնալիքի միջավայր»՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին։

13:22

Իսրայելը հայտարարում է, որ իր ուժերը հունիսի 23-ին հարվածել են մի շարք նոր թիրախների Իրանի արևմտյան հատվածում։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարության մեջ նշել են, որ ավելի քան 15 կործանիչներ հարվածել են Քերմանշահի շրջանին՝ «կործանելով մի շարք հրթիռային արձակման և պահեստավորման վայրեր, որոնք ուղղված էին Իսրայելի տարածքի դեմ»։

Ռազմաօդային ուժերը նաև հայտնել են, որ հարձակվել են Իրանի կենտրոնական, արևելյան և արևմտյան հատվածներում գտնվող վեց օդանավակայանների վրա՝ «վնասելով թռիչքուղիներ, ստորգետնյա բունկերներ, մեկ լիցքավորող ինքնաթիռ և երեք այլ օդանավ»։

Իսրայելի զինված ուժերը հավելել են, որ «հիմա սկսել են հարվածների նոր ալիք Թեհրանում գտնվող ռազմական թիրախների դեմ»։

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են «հզոր պայթյունների» մասին մայրաքաղաքում՝ նշելով, որ «բազմաթիվ հարվածներ» ուղղված են եղել քաղաքի հյուսիսային և արևելյան հատվածներին։

ԻԼՆԱ լրատվական գործակալությունը հայտնել է, որ իսրայելական հարվածներից հետո Թեհրանի հյուսիսային հատվածում հոսանքազրկում է տեղի ունեցել։


Լուսանկարում Թեհրանն է հունիսի 23-ի առավոտյան
Լուսանկարում Թեհրանն է հունիսի 23-ի առավոտյան
13:03

ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսսին Իրանում բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել շարունակել երկխոսությունը և զգուշացրել, որ վերջին «դրամատիկ իրադարձությունները» կարող են ունենալ ոչ ցանկալի հետևանքներ, եթե հակամարտությունը «իրականում ընդլայնվի»։

«Մենք ունենք հնարավորություն՝ վերադառնալու երկխոսության և դիվանագիտության դաշտ», – ասված է նրա հայտարարության մեջ։

13:02

Հաղորդվում է, որ Իրանը «բազմաթիվ հրթիռներ» է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այսօր առավոտյան Իսրայելի ողջ տարածքում ավելի քան 30 րոպե հնչել են նախազգուշացնող ազդանշաններ։

13:02

Իրանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկերոջ հետ և ասել, որ «ԱՄՆ-ի ագրեսիայի նկատմամբ լռությունն ու անգործությունը լայնածավալ հետևանքներ կունենան բոլոր երկրների համար»։

13:01

Այսօր առավոտյան Իրանից արձակված բալիստիկ հրթիռների հարվածների հետևանքով վնասվել են ռազմավարական մի շարք ենթակառուցվածքներ, հաղորդում է Reuters գործակալությունը։

Իսրայելական մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով Իսրայելի էլեկտրական բաշխիչ ցանցերի ներկայացուցիչներին, պնդում են, որ իրանական հարվածների հետևանքով հոսանքազրկվել է Իսրայելի հարավային շրջանների մի մասը։

12:16

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան՝ հանդիպումներ անցկացնելու նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ բարձրաստիճան ռուսաստանցի ղեկավարների հետ։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հունիսի 23-ին լրագրողներին հայտնել է, որ Արաղչին այցի ընթացքում «մի շարք բանակցություններ» կվարի։

«Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով Կրեմլի խորհրդական Յուրի Ուշակովին, հաղորդում է, որ Պուտինը նախատեսում է Արաղչիի հետ հանդիպում օրվա ընթացքում։

09:53

Իրանի դատական համակարգի պաշտոնական Mizan լրատվական գործակալությունը հայտնել է, որ Մոհամադ Ամին Շայեստեն մահապատժի է ենթարկվել լրտեսության մեղադրանքով։ Կիսապաշտոնական Tasnim գործակալությունը նրան ներկայացրել է որպես Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադի» հետ կապված կիբեռթիմի ղեկավար։

Մի քանի օր առաջ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգել էր, որ Շայեստեն Իրանում վտանգված է և կարող է ենթարկվել «անկանոն մահապատժի»։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG