Արմավիրի մարզի Վաղարշապատ ու Խոյ համայնքները կմիավորվեն: Կառավարությունն այսօր հաստատեց Տարածքային կառավարման նախարարության ներկայացրած փաթեթը:
«Փնջում ներառվում են Վաղարշապատ և Խոյ համայքները վերջիններիս կազմում ընդգրկված թվով 19 բնակավայրերով: Այս քայլով կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի արդեն լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը։ Նախատեսվում է միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնել և միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման համար սահմանել ժամկետներ, ինչպես նաև Վաղարշապատ համայնքում նշանակել համայնքի ավագանու ընտրություններ, որը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին»,- մանրամասնեց տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը:
Ավելի վաղ ՔՊ-ից հայտնել էին, որ Վաղարշապատում մտադիր են գնալ արտահերթ ընտրությունների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն «Ազատության» հետ զրույցում հայտնել էր, որ համայնքապետի թեկնածուն Արմավիրի գործող մարզպետ Արգիշտի Մեխակյանն է:
Վաղարշապատը մեկ ամիս է՝ համայնքապետ չունի: Նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը հեռացավ առանց բացատրությունների՝ պնդելով, թե դա անձնական որոշում է: Գասպարյանի ընտանիքի անդամները մինչդեռ նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվել՝ հիմնականում կոռուպցիոն բնույթի: