Մատչելիության հղումներ

«ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել». վարչապետ


«ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա նաև վերլուծությունը հիմք է տալիս մտածելու, առնվազն թույլ չի տալիս հրաժարվել մտքից, որ այդ ամեն ինչն արվել է և արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար: Ես տվել էի հանձնարարական, որ մեկ ամսում կա՛մ պետք է ժողովրդին հասցված վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կա՛մ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն, պետականացվի: Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին», - ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ ԱԺ-ում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու օրենքի նախագիծ:

Այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր՝ «կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)»։

ՀԷՑ-ը պատկանում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբին:

Նախօերին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց Կարապետյանի առանձնատանը: Գիշերը ժամը 3-ի սահմաններում գործարար Սամվել Կարապետյանը դուրս եկավ առանձնատնից և իրավապահների հետ հեռացավ: Նրա կարգավիճակը հայտնի չէ:

Իրավապահների այցից մեկ ժամ առաջ «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը Մայր Աթոռի մոտից պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցին. - «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:

Մեկ ժամ անց վարչապետ Փաշինյանը կոշտ արձագանքեց այս հայտարարությանը. - «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG