«Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)», - իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները», - նշել է Փաշինյանը։
ՀԷՑ-ը պատկանում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբին:
Նախօերին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց Կարապետյանի առանձնատանը: Գիշերը ժամը 3-ի սահմաններում գործարար Սամվել Կարապետյանը դուրս եկավ առանձնատնից և իրավապահների հետ հեռացավ: Նրա կարգավիճակը հայտնի չէ:
Իրավապահների այցից մեկ ժամ առաջ «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը Մայր Աթոռի մոտից պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցին. - Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»:
Մեկ ժամ անց վարչապետ Փաշինյանը կոշտ արձագանքեց այս հայտարարությանը. - «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: