Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը իսրայելա-իրանական շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս ցուցաբերել առավել զգուշավորություն։
Մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրերից, այդ թվում՝ Երևանում Իրանի դեսպանատնից, Սյունիքում Իրանի հյուպատոսությունից, Իրանի առևտրի կենտրոնից և Կապույտ մզկիթից։
Հայտարարությունում նշվում է նաև. - «Նկատի ունեցեք, որ Հայաստան և Հայաստան մեկնող որոշ չվերթներ օգտագործում են Իրանի օդային տարածքը։ Այս չվերթները կարող են չեղարկվել, հետաձգվել կամ շեղվել։ Կապվեք ձեր ավիաընկերության հետ, եթե ձեր չվերթը ենթարկվել է փոփոխության»։
ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել ցույցերից և մեծ հավաքույթներից, հետևել հետևել տեղական լրատվամիջոցների հրապարակումներին:
Իսրայելի զինված ուժերը հայտարարում են, որ օդային հարվածներից Թեհրանում սպանվել է գեներալ Ալի Շադմանին, ով օրեր առաջ էր նշանակվել իրանական այն հատուկ ստորաբաժանման ղեկավար, որը համակարգում է ԻՀՊԿ էլիտար ուժերի և կանոնավոր բանակի համատեղ ռազմական գործողությունները։
Նրա նախորդը՝ Ղոլամալի Ռաշիդը, սպանվել էր անցյալ շաբաթ՝ Իսրայելի հարվածի արդյունքում։
Իրանի պաշտոնական աղբյուրները կամ լրատվամիջոցները Շադմանիի մահվան մասին դեռ չեն հաղորդել։ Սակայն, վերջին օրերին՝ Իսրայելի կողմից իրանցի բարձրաստիճան զինվորականների և միջուկային գիտնականների սպանության մասին հայտարարությունից հետո, ավելի ուշ Թեհրանի պաշտոնական աղբյուրները հաստատել են այդ տեղեկությունները:
Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե Իրանում պետք է ոչ թե ժամանակավոր հրադադար հաստատել, այլ՝ «իրական վերջ դնել» Թեհրանի միջուկային ծրագրին։
Չնայած մինչ այդ Սպիտակ տան ղեկավարը ակնարկել էր, որ ընթանում են բանակցություններ, և շուտով խաղաղություն կհաստատվի, այսօր հերքել է տեղեկությունները, որ աշխատում է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի հասնելու ուղղությամբ։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ տեղի բանկերից մեկը ենթարկվել է կիբերհարձակման:
Ըստ Fars լրատվական գործակալության՝ Sepah Bank-ի առցանց համակարգը կաթվածահար է եղել, ինչը կարող է խնդիրներ առաջացնել նաև բենզալցակայաններում, քանի որ դրանք միացված են բանկային համակարգին։
Sepah Bank-ն Իրանի ամենահին բանկերից մեկն է և գտնվում է արևմտյան պատժամիջոցների տակ։
Մինչ այդ իրանցիներն արևմտյան լրատվամիջոցներին տեղից պատմել էին, որ ցանկանում են լքել երկիրը, սակայն չեն կարողանում գումար հանել բանկերից կամ բենզին հայթայթել։