ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է՝ Իսրայելի գործողությունները միակողմանի են և ԱՄՆ-ը չի մասնակցում Իրանի դեմ հարվածներին:
«Այսօր երեկոյան Իսրայելը միակողմանի գործողություններ ձեռնարկեց Իրանի դեմ։ Մենք չենք մասնակցում Իրանի դեմ հարվածներին, և մեր գերակա խնդիրն է տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունը», - նշել է Մարկո Ռուբիոն՝ Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սկսել է նպատակային ռազմական գործողություն՝ «Իսրայելի գոյատևման համար իրանական սպառնալիքը վերացնելու համար»։ Նա նշել է, որ հարձակումը «կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ լինի այս սպառնալիքը վերացնելու համար»:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ նախագահ Թրամփը և վարչակազմը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ «մեր ուժերը պաշտպանելու համար և սերտ կապի մեջ են մեր տարածաշրջանային գործընկերների հետ»։
«Իսրայելը տեղեկացրեց, որ կարծում է, որ այս գործողությունը անհրաժեշտ էր իր ինքնապաշտպանության համար», - նաև հայտնել է Մարկո Ռուբիոն։
Հարվածներից ընդամենը մի քանի ժամ առաջ Թրամփը կոչ էր արել դիվանագիտական լուծում գտնել լարվածության համար, միաժամանակ ասելով, որ Իրանի վրա հարվածը «շատ հնարավոր է»։
Ռուբիոն խիստ նախազգուշացում է արել Իրանի համար՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հրամայեց որոշ ամերիկացի աշխատակիցների լքել Մերձավոր Արևելքը՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին։ «Թույլ տվեք հստակ լինել. Իրանը չպետք է թիրախավորի ԱՄՆ շահերը կամ անձնակազմը», - ասել է նա։
Նրա հայտարարության մեջ չի նշվում, թե արդյոք Վաշինգտոնը կաջակցի Իսրայելին, եթե Իրանը պատասխան գործողություններ իրականացնի:
ԱՄՆ նախագահը և Իսրայելի վարչապետը երկուշաբթի օրն էին հեռախոսազրույց ունեցել, քննարկել Իրանի թեման: