Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդն այսօր հաստատել է Իրանի գործողությունները դատապարտող բանաձևը։ Փաստաթղթում նշված է, որ Թեհրանը չի կատարում միջուկային էներգետիկայի ասպարեզում ստանձնած պարտավորությունը:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ ընդունված բանաձևի հեղինակները մասնավորաբար կոչ են անում Թեհրանին անհապաղ բացատրություններով հանդես գալ Իրանում գտնվող մի շարք օբյեկտներում ուրանի հետքերի հայտնաբերման առթիվ։
AP գործակալության փոխանցմամբ՝ փաստաթղթի օգտին քվեարկել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի անդամ պետություններից 19-ը։
«Բանաձևի ընդունմանը դեմ են արտահայտվել Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա-Ֆասոն, ևս 11 երկիր ձեռնպահ է քվեարկել», - նշում են արևմտյան աղբյուրները։