Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ դժոխային իրադարձություններից հետո Հայաստանի առաջ բացվել են հեռանկարային հնարավորություններ:
«Իրական Հայաստանի» գաղափարախոսության տեսակետից մեր երկիրը գտնվում է բավականին լավ և հեռանկարային վիճակում: Իմ գնահատականն այն է, որ մենք դժոխային իրադարձությունների միջով անցնելով, հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունն առաջիկա հարյուրամյակների համար, երբեք չենք ունեցել», - կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ընդունեց՝ իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ, բայց, ըստ վարչապետի, այդ սպառնալիքները եղել են միշտ:
«Ոչ մի նոր սպառնալիք չկա: Էն բոլոր սպառնալիքներ, որ եղել են, իրենք այսօր էլ շարունակելու են մնալ: Տարբերությունն այն է, որ առաջինը՝ մենք այդ սպառնալիքները կառավարելու հնարավորություն ենք ստացել՝ տեսական և գործնական: Եվ երկրորդ նորությունն այն է, որ գոյություն ունեցող սպառնալիքներին որպես հակակշիռ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ, բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ միջազգային», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա իբրև ապացույց հիշատակեց, որ 2026 -ին Հայաստանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, աշնանը տեղի է ունենալու COP 17 -ի համաժողովը:
NVIDIA ընկերությունը 500 միլիոնի դոլարի ներդրում է անում Հայաստանում
Վարչապետը շեշտեց, որ ընդդիմությունը առավոտից երեկո խոսում է, թե Հայաստանը կործանվում է, բայց եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ են Հայաստանում բազմամիլիոնանոց ներդրումներ անում:
Կառավարության նիստում Փաշինյանը տեղեկացրեց՝ երեկ Firebird և NVIDIA ընկերությունները պաշտոնապես հայտարարել են, որ Հայաստանում կառուցելու են արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն: Ըստ վարչապետի՝ խոսքը 500 միլիոն դոլար ներդրումային ծրագրի մասին է: