Ռուսական բանակը հունիսի լույս 10-ի գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային։
Օդեսայի մարզային դատախազությունը հայտնել է, որ Օդեսայում գիշերային հարվածի հետևանքով զոհվել է երկու տղամարդ, վիրավորվել՝ ինը մարդ։
«Վնասվել են բնակելի շենքեր, ծննդատան շենք, շտապօգնության կայան, մասնավոր բժշկական կլինիկա, մարզական համալիր, կենդանաբանական այգի, երկաթուղային կայարանի շենք, ինչպես նաև քաղաքի բնակիչների մեքենաներ», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Կիևի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մայրաքաղաքի յոթ շրջաններ են վնասվել, նշել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ վնասվել են բնակելի շենքեր, այդ թվում՝ Օբոլոնի շրջանում գտնվող բազմահարկ շենքը։ Նրա խոսքով՝ չորս մարդ վիրավորվել է, բոլորը հոսպիտալացվել են։