ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները այսօր Լոնդոնում կշարունակեն առևտրային բանակցությունները, հայտնում է Reuters-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ այսօր կողմերը կփորձեն առաջընթացի հասնել այնպիսի ապրանքների արտահանման վերահսկման հարցում, ինչպիսին են հազվագյուտ մետաղները։
ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչները նախօրեին հանդիպել են Լոնդոնի շքեղ Լանկաստեր Հաուսում։
ԱՄՆ պատվիրակությանը գլխավորում են ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը և առևտրային ներկայացուցիչ Ջեյմսոն Գրիրը։ Չինաստանի պատվիրակության ղեկավարն է փոխվարչապետ Հե Լիֆեն։
Հունիսի 5-ին Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Զրույցից հետո Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային թիմերը «շուտով» նոր հանդիպում կանցկացնեն։
Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց աշխարհի գրեթե բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների վրա առևտրային մաքսատուրքերի ներդրման մասին: Արդեն ապրիլի 9-ին նա կասեցրեց բոլոր երկրների համար մաքսատուրքերի ներդրումը՝ հիմնական մաքսատուրքը նվազեցնելով մինչև 10 տոկոս, բացառություն անելով միայն Չինաստանի համար՝ բարձրացնելով մաքսատուրքերը: Չինաստանը նույնպես բարձրացրեց ներմուծման մաքսատուրքերը: Արդեն մայիսին Վաշինգտոնը և Պեկինը համաձայնության եկան փոխադարձաբար նվազեցնելու մաքսատուրքերը: