Մատչելիության հղումներ

Վրաստանն արգելել է, որ վրացական գրանցմամբ ինքնաթիռը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին տանի Կոսովո


Հայ և վրացի բարձրաստիճան պաշտոնյաները Երևանում՝ ֆուտբոլային խաղի ժամանակ, լուսանկարը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ֆեյսբուքյան էջից
Հայ և վրացի բարձրաստիճան պաշտոնյաները Երևանում՝ ֆուտբոլային խաղի ժամանակ, լուսանկարը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ֆեյսբուքյան էջից

Վրաստանի արտգործնախարարությունը հրաժարվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա արտագնա խաղերի համար վրացական գրանցմամբ օդանավին թույլտվություն տալ իրականացնելու չարտերային չվերթ դեպի Կոսովո։ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ են փաստաթղթեր, որոնցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է՝ «նախատեսված ուղղություններով (Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա և Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցա) չարտերային թռիչք իրականացնելու կապակցությամբ դիվանագիտական թույլտվությունը Վրաստանի ԱԳՆ կողմից բացակայում է»։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հունիսի 6-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Կոսովոյի հավաքականի, իսկ 9-ին՝ Մոնտենեգրոյի հետ։ Նախատեսվում է, որ հավաքականը չարտերային թռիչքով կմեկնի նախ Պրիշտինա, այնտեղից՝ Պոդգորիցա, ապա կվերադառնա Երևան։ Քանի որ Վրաստանը հրաժարվել է համապատասխան թույլտվություն տալ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված է եղել վերանայել չարտերային չվերթի ծախսերը. եթե նախկինում հավաքականի տեղափոխումն իրականացնող «Սքայ ընդ մոր» ընկերությունն այդ ծառայությունը պետք է մատուցեր 82.7 մլն դրամով, պայմանագրային փոփոխություններից հետո գումարը կազմել է 91 մլն դրամ։

Հայաստանի հավաքականի փոխադրումները «Սքայ ընդ մոր» -ն իրականացնելու է եվրոպական՝ լիտվական KlasJet ընկերության Boeing 737 և բրազիլական Embraer 190 տեսակի օդանավերով, դրանք սպասարկելու են 55 ուղևորների։ «Սքայ ընդ մոր»-ը հիմնադրվել է 2021-ի հոկտեմբերին, այժմ ընկերության բաժնետերը Մալաթիա-Սեբաստիայում գրանցված Էդգար Մովսիսյանն է, սակայն 2022-2024 թվականներին ընկերության մեծամասնական բաժնետեր է եղել Գևորգ Խաչատրյանը, որն այժմ «Սքայ ընդ մոր»-ի փոխտնօրենն է։ Նա նախկինում եղել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն։

«Սքայ ընդ մոր»-ի կայքից տեղեկանում ենք, որ այն նորաստեղծ տուրօպերատոր է Հայաստանում, որի թիմը գրեթե 10 տարվա փորձ ունի ավիացիոն ոլորտում և ծառայություններ է մատուցում զբոսաշրջության ու ավիացիայի ոլորտում, կազմակերպում չարտերային թռիչքներ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, անդրադառնալով թեմային, «Ազատությանը» պատասխանել է, թե «Վրաստանի արտգործնախարարությունը երբեք չի մերժել հայկական կողմին Վրաստանի օդային տարածքով չարտերային թռիչք իրականացնելու հարցում»։ ՀՖՖ ուղարկված երկրորդ հարցման մեջ մեջբերել էինք իրենց իսկ կնքած պայմանագիրը, ըստ որի՝ Վրաստանի արտգործնախարարության կողմից համապատասխան թույլտվություն չկա, նաև խնդրել էինք բացատրել՝ ինչո՞ւ է ՀՖՖ-ն փոխել ավիափոխադրման արժեքը։ Ֆեդերացիան այդ՝ երկրորդ հարցմանն այդպես էլ չի արձագանքել։

«Սքայ ընդ մոր» ընկերությունը, արձագանքելով «Ազատության» հարցերին, տեղեկացրել է, որ վրացական գրանցումով օդանավը չի կարողացել ստանալ Վրաստանի ԱԳՆ դիվանագիտական թույլտվությունը դեպի Կոսովո թռիչքի համար։ «Չվերթները իրականացվելու են եվրոպական գրանցումով օդանավով, ինչը ազդել է գնի փոփոխության վրա»,- տեղեկացրել են ընկերությունից։

Վրաստանը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, չկան դիվանագիտական հարաբերություններ, և ենթադրաբար սա է թռիչքի թուլտվության մերժման հիմքը։

Վրաստանի արտգործնախարարությունից «Ազատության» հարցերին չեն պատասխանել։


Մկրտիչ Կարապետյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG